ՄԵՆՅՈւ

Ինչ անել, երբ հոգեբանի ծառայությունների դիմաց վճարելու հնարավորություն չկա

Առողջության հետ կապված ծառայությունների դիմաց վճարելու հնարավորություն չունենալը կարող է հավելյալ սթրեսի, դեպրեսիայի և հուսահատության պատճառ դառնալ։ Այդ զգացումները, թեև զգալի անհարմարություն կարող են պատճառել մեզ, այնուամենայնիվ ստեղծված իրավիճակում լիովին բնական են։

Երբեմն, սակայն, անձը կարող է չգտնել նմանօրինակ դիսթրեսի հետ առողջ կերպով վարվելու եղանակները և անառողջ դրսևորումներ տալ իր հուսահատությանն ու ընկճվածությանը։ Նման դրսևորումներից կարող են լինել անհամապատասխան, բայց էժանագին «բուժումների» որոնումը կամ առողջական վիճակների ժխտումը։

Առողջական վիճակի բարելավման ուղղությամբ կիրառվող անհամապատասխան (կամ նույնիսկ վնասակար) միջոցներ կարող են լինել դիետաները, բուսաբուժությունը, տարաբնույթ ծիսակարգերը, ոչ մասնագիտական բժշկական միջամտությունները և այլն։

Առողջական վիճակների ժխտումը կարող է արտահայտվել մասնագիտական զննման պատասխանները կեղծ համարելով, հիվանդությունների և խանգարումների գոյությունը ժխտելով կամ նույնիսկ դրանք դավադրություն համարելով։ Երբ մասնագիտական ծառայության դիմաց վճարելու հնարավորություն չկա, առողջական վիճակի ժխտումն ասես իսկույն «ապաքինում» է մեզ և ազատում որևէ միջամտության անհրաժեշտությունից։

Կարիք չկա ասելու, որ անհամապատասխան միջոցների կիրառման կամ, առավել ևս, ժխտման արդյունքում մեր առողջական վիճակն ամենևին չի բարելավվում՝ խնդիրները մնում են նույնը կամ ժամանակի ընթացքում է՛լ ավելի են բարդանում։

Երբ մտավոր առողջության մասնագետի ծառայությունների դիմաց վճարելու հնարավորություն չկա, իրավիճակի հետ վարվելու վերոնշյալ անառողջ դրսևորումների փոխարեն կարելի է վարվել հետևյալ կերպ․

Կրճատել ծախսերը

Այն դեպքերում, երբ կյանքի որոշակի հաճույքների դիմաց վճարելու գումար այնուամենայնիվ կա, խելամիտ կլինի այն տրամադրել բժշկական կամ մասնագիտական ծառայություններին։ Մտավոր կամ ֆիզիկական խնդիրներից ազատվելու բավականությունն, անշուշտ, չի կարելի համամատել մի քանի օր ծավափին անցկացնելու կամ նոր հեռախոս գնելու հաճույքի հետ։

Ֆինանսների գրագետ կառավարման համար օգտակար կարող է լինել խնդիրների լուծման հմտությունների բարելավումն, ինչի շնորհիվ մենք կարող ենք հմտանալ իրավիճակների սթափ գնահատման և համապատասխան միջամտությունների ընտրության հարցում։ Խնդիրների լուծման հմտություններն հնարավոր է զարգացնել ինչպես ինքնուրույն ուսումնասիրության միջոցով, այնպես էլ մտավոր առողջության մասնագետի աջակցությամբ։

Այս մասին ավելին կարող եք իմանալ մեր «Ինչպես երեխային սովորեցնել խնդիրների լուծման հմտություններ» հոդվածից՝ սեղմելով այստեղ։

Խնդրել զեղչեր

Բավարար գումար չունենալը մասնագետին չդիմելու պատճառ չէ։ Միշտ էլ կգտնվեն մասնագետներ, ովքեր կընդառաջեն և կտեղավորվեն մեր նշած ֆինանսական սահմաններում։ Այլոց կարեկցելու և այլոց վիճակի մեջ մտնելու կարողությունը հոգեբանի համար նույնքան կարևոր է, որքան իր մասնագիտական հմտությունները։ Մեր ֆինանսական հնարավորությունների մեջ տեղավորվելու համար, զեղչեր տրամադրելուց զատ, հոգեբանը կարող է նաև կրճատել սեանսների տևողությունը, նշանակել ավելի հազվադեպ հանդիպումներ կամ սպասարկել ոչ առկա եղանակով։

Համապատասխան մասնագետի ձեր ընտրությունը նույնպես կարող եք սկսել «Լավ ու Բարի» կայքից։ Կայքում գրանցված մասնագետների ցուցակին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։ «Լավ ու Բարի» կայքի միջոցով մասնագետին դիմելիս՝ դուք անմիջապես միանում եք վերջինիս հետ Facebook կամ WhatsApp չատին։

Գտնել համախոհների

Համացանցի տարատեսակ խմբերում և էջերում միևնույն խնդիրն ունեցող անձանց հետ ծանոթանալը կարող է շոշափելի ազդեցություն ունենալ։ Այդպիսով մենք ոչ միայն կպարզնեք, որ մեր խնդրի հետ միայնակ չենք, այլ նաև կծանոթանանք այլոց արժեքավոր փորձի հետ և խորհուրդներ կլսենք այն մարդկանցից, ովքեր արդեն իսկ իրենց վիճակի բարելավման ուղղությամբ քայլեր են ձեռնարկել։

Հետևել մասնագետներին

Սոցիալական ցանցերում մտավոր առողջության մասնագտներին հետևելով՝ մենք կարող ենք շարունակաբար նոր գիտելիքով զինվել և ընդարձակել մեր մտահորիզոնը։ Հոգեբանները կամ հոգեթերապևտները նաև ժամանակ առ ժամանակ կարող են տեղեկացնել հատուկ առաջարկների կամ անվճար միջոցոռումների մասին, որոնցից կարող ենք օգտվել։

«Լավ ու Բարի» կայքին հետևելն այս հարցում նույնպես օգտակար է։ Նոր գրառումները բաց չթողնելու համար դուք կարող եք միանալ մեր Viber չատին՝ սեղմելով այստեղ։ Իսկ ձեզ հետաքրքրող թեմայով արդեն իսկ հրապարակված հոդվածները կարող եք գտնել կայքում որոնում իրականացնելու միջոցով։

Ընթերցել

Մեր առողջական վիճակի հետ կապված գրականության ընթերցումը կօգնի հստակեցնել միտքը, լիովին հասկանալ ստեղծված իրավիճակը և սփոփանք չփնտրել անօգտակար միջամտությունների մեջ։ Հոգեբանության մասին գրքերում մենք նաև կգտնենք մեր առողջական վիճակի հետ ապրելու կամ այն հաղթահարելու ուղղությամբ արժեքավոր խորհուրդներ։ Պետք է հիշել միայն, որ չկա որևէ մեկ գիրք, որը կարող է լուծել մեր խնդիրները։ Էական արդյունք կարող են ունենալ միայն շարունակական ընթերցանությունն ու ուսումնասիրությունը։

Առավել օգտակար գրքերը մենք տեղադրում ենք մեր կայքի «Գրքեր» բաժնում, որտեղից կարող եք ոչ միայն հակիրճ տեղեկություն ստանալ գրքի մասին, այլ նաև տեսնել, թե որտեղից այն կարող եք ձեռք բերել։ Գրքեր բաժինը տեսնելու համար՝ սեղմեք այստեղ։

Գրանցվել դասընթացների

Այն դեպքում, երբ ամբողջական հոգեթերապիայի համար վճարելն իրատեսական չի թվում ձեզ, կարող եք գտնել ձեզ հուզող թեմաներով առցանց կամ օֆֆլայն դասընթացներ։ Մասնագետներն հաճախ իրենց դասընթացների համար ստեղծում են Facebook միջոցառումներ և դուք կարող եք գտնել հետաքրքրող դասընթացը սոցիալական ցանցի համապատասխան բաժնից (Events կամ Мероприятия)։

«Լավ ու Բարի» կայքում առկա տեքստային դասընթացները նույնպես կարող են օգտակար լինել։ Դրանք լրացված են բազմաթիվ գործնական աշխատանքներով և հարմար են հատկապես այդ դեպքերում, երբ մենք չենք կարող կամ ցանկություն չունենք անձամբ ներկա գտնվելու որևէ միմջոցառման։ Այս պահին առկա դասընթացների ցուցակը կարող եք գտնել՝ սեղմելով այստեղ։

Հարցնել հոգեբանին

Մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու և հետագա գործողությունների ավելի հստակ ծրագիր ունենալու համար հրաշալի տարբերակ է «Լավ ու Բարի» կայքի «Հարց հոգեբանին» բաժինը։ Այնտեղ մեր կայքում գրանցված մասնագետներն անվճար պատասխանում են ընթերցողների հարցերին և տալիս խնդիրների լուծման հետ կապված գործնական խորհուրդներ։

Ձեր հարցին առավել համապատասխան արձագանք ստանալու համար՝ հնարավորինս մանրամասն շարադրեք այն և մասնագետին տրամադրեք ձեր խնդրի հետ կապված ողջ այն տեղեկատվությունը, որն էական եք համարում և որը կարող է նպաստել առավել դիպուկ պատասխան ստանալուն։ Հարցն ուղարկելիս՝ նշեք նաև Ձեր էլփոստի հասցեն, որպեսզի մենք կարողանանք տեղյակ պահել ձեզ, երբ մասնագետը պատասխանի ձեր հարցին։

Հոգեբանին հարց հղելու համար՝ սեղմեք այստեղ։

Պահպանե՛ք այս էջը
Գրիգոր Մուրադյան
Գրիգոր Մուրադյան

Հոգեթերապևտ Գրիգոր Մուրադյանը «Լավ ու Բարի» կայքի խմբագիրն է։ Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք տհաճ կամ անցանկալի հույզերի հետ կապված խնդիրներ, ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, ուշադրության և ինքնակառավարման հետ կապված խնդիրներ, սթրես, նյարդային լարվածություն, տագնապներ և այլն։

Մասնագետն աշխատում է կոգնիտիվ-վարքային թերապիայի և դրա հիման վրա ստեղծված ժամանակակից այլ մեթոդներով։ Տրամադրում է նաև ուղղորդվող ինքնօգնության ծառայություն։