
Ինչ է հույզերի հաստատումը և ինչպես այն կիրառել

Երբեմն, լսելով այլ մարդկանց տհաճ կամ անցանկալի ապրումների մասին, մենք ինչ-ինչ պատճառներով արժեզրկում ենք դրանք կամ, առհասարակ, հրաժարվում ընդունելուց։ Որպես կանոն, մենք միտումնավոր չենք անում դա։ Առավել ևս՝ չենք անում որևէ մեկին վիրավորելու ցանկությամբ։ Սակայն նույնիսկ այն դեպքում, երբ հույզերի արժեզրկումը կամ հերքումը դիմացինին վնասելու միտումով չի արվում, այն, միևնույն է, ունենում է իր բացասական հետևանքները։
Օրինակ՝ մտերիմներից մեկը կարող է կիսվել մեզ հետ վերջերս տեղի ունեցած վիճաբանության պատճառով առաջացած իր ապրումներով։ Նա կարող է գանգատվել և մեղադրել ինչ-որ մեկին, կամ էլ միայն սեփական տխրությունն ու վրդովմունքն արտահայտել։ Ցանկանալով նրան հնարավորինս արագ օգնել՝ մենք կարող ենք խորհուրդ տալ «բանի տեղ չդնել» կամ «գրողի ծոցն ուղարկել» վիճաբանության պատճառ դարձած անձին կամ էլ փորձել սփոփել մեր մտերիմին «հանգստացիր», «ոչինչ, բան չկա» և նմանատիպ այլ արտահայտություններով։ Երկու դեպքում էլ մենք ասես արժեզրկում ենք նրա հետ պատահածը, ենթադրում ենք, թե վեճն այնքան չնչին բան է, որ այն կարելի է «բանի տեղ չդնել», իսկ դրա առաջացրած ապրումներն այնքան հեշտ է մոռանալ, որ կարելի է պարզապես կենտրոնանալ և հանգստանալ։
Խոսելը երբեք չի կարող այնպես սփոփել, ինչպես լսելն է սփոփում։
Սակայն ի՞նչն է մեզ դրդում այլոց ապրումներին այդօրինակ արագ արձագանքներ տալու։ Առաջին հերթին դա իհարկե ուրիշին օգնելու ցանկությունն է։ Երբ մենք չգիտենք, թե ինչպես օգնել, օգնում ենք այնպես, ինչպես կարող ենք։ Հաճախ մենք անում կամ ասում ենք այն, ինչ առաջինն է մտքներիս գալիս կամ այն, ինչ ինքներս էլ լսել ենք դժվարին պահերին։ Մեկ այլ, ավելի մտահոգիչ դրդապատճառ է բարդ հույզերի անհանդուրժումը։ Երբ մենք ինքնե՛րս էլ չենք կարողանում դիմանալ տհաճ կամ անցանկալի հույզերին, փորձում ենք որքան հնարավոր է արագ փոխել թեման և խուսափել անհանգստություն պատճառող իրավիճակից։ Այս խնդրի մասին ավելին կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ։
Իսկ ինչպե՞ս է պետք արձագանքել
Ուրիշի հույզերն արժեզրկող կամ դրանք հերքող վերաբերմունքը միանշանակ չի կարող լավ արդյունքներ տալ։ Նա՛խ մենք պարզապես չենք կարողանալու այդ եղանակով որևէ մեկին սփոփել, ապա՛ տուժելու են մեր հարաբերությունների որակը և մեր հանդեպ այլոց վերաբերմունքը։ Է՛լ ավելի բացասական հետևանքների կարող են հանգեցնել քննադատական արձագանքները («Ի՞նչ ես բողոքում», «Ինչի՞դ է պետք» և այլն)։ Ահա թե ինչու է անչափ կարևոր աշխատել հույզերը ժխտող կամ արժեզրկող արձագանքների բացառման ուղղությամբ։
Հույզերի հերքման հակադիր վարվելաձևը հույզերի հաստատումն է, երբ մենք հետաքրքրվում ենք այլոց հույզերով, փորձում հասկանալ դրանց բնույթը և ընդունել դրանք այնպիսին, ինչպիսին կան։
Հույզերի հաստատման առաջին քայլն այլոց հույզերը ճանաչելն ու ընդունելն է։ Դա անելու համար պետք է մտովի անվանել հույզը և բարձրաձայն ընդունել դրա առկայությունը։ Օրինակ, երբ որևէ մեկը նախատում է մեզ, կարող ենք ասել՝ «հասկանում եմ, որ բարկացած ես» կամ «թվում է, թե բարկացած ես»։ Այսպիսով մենք ընդունում ենք ուրիշի զայրույթը և մեղմում այն, մինչդեռ «ի՞նչ ես ձայնդ բարձրացնում» կամ «ինչու՞ ես ոգևորվել» տիպի արտահայտությունները անտեսում են դիմացինի հույզերը և քննադատում նրան՝ է՛լ ավելի բորբոքելով վեճը։
Հաջորդ քայլը հույզը հարուցած երևույթի ճանաչումն ու ընդունումն է։ Այն դեպքերում, երբ անձը հանգիստ հաղորդակցվում է մեզ հետ, կարող ենք հույզի առաջացման պատճառների մասին հետաքրքրվել հենց իրենից՝ համապատասխան հարցադրումներ կատարելու միջոցով։ Օրինակ՝ «ի՞նչն է քեզ այդքան տխրեցրել»։ Իսկ երբ զրուցակիցն առողջ կերպով չի հաղորդակցվում (անտեսում է, կոպտում և այլն) կարելի է փորձել ինքնուրույն հաստատել հույզի պատճառը։ Օրինակ՝ «հավանաբար քո բարկության պատճառն իմ ուշացումն է» կամ «ինձ թվում է, թե դու վախենում ես իմ արձագանքներից»։
Ի վերջո պետք է հաստատել, որ հույզն իրոք առկա է, մեր կողմից «տեսանելի» և իսկապես գոյության իրավունք ունի։ Այն դեպքերում, երբ հույզի պատճառը մենք ենք, կարևոր է նաև ընդգծել, որ նման ապրումներ առաջացնելու մտադրություն բնավ չունեինք։ Օրինակ՝ «Կարծում եմ՝ քեզ հետ իսկապես անարդար են վարվել և լրիվ հասկանում եմ քո տխրության պատճառը» կամ «Թվում է, թե իմ արձագանքները վախեցնում են քեզ։ Պարզապես իմացիր, որ քեզ վախեցնելու համար չեմ քննադատում, այլ ընդամենն ուզում եմ հեռու պահել քեզ հնարավոր վտանգներից»։
Ինչ կտա սա մեզ
Զարգացնելով հույզերի ընդունման և հաստատման հմտությունները՝ մենք կարող ենք բարելավել այլոց հետ հարաբերությունները, վայելել շրջապատի վստահությունն ու հարգանքը և այդպիսով դրական ներգործություն ունենալ նաև սեփական մտավոր առողջության և ինքնազգացողության վրա։ Ուրիշների հույզերն հասկանալն ու ընդունելը կօգնի նաև սեփական ապրումներն առողջ կերպով ընդունելու և գնահատելու հարցում։ Դա կարող է նվազեցնել ինքնաքննադատությունը և բարելավել մեր ինքնագնահատականը։
Հույզերն անվանելու հարցում ձեզ հաստա՛տ օգտակար կլինի նաև մեր «Ինչու է կարևոր հույզերն անվանելը և ինչպես սովորել դա անել» հոդվածը, որտեղ կա նաև բավականին ծավալուն հուզական բառապաշար։ Հոդվածը կարող եք կարդալ՝ սեղմելով այստեղ։







