ՄԵՆՅՈւ

Որոնք են երեխաների անհանգստության ամենից տարածված պատճառները

Երեխաները, ինչպես և մեծահասակները, ունեն բազմաթիվ հոգսեր կամ անհանգստության պատճառներ, որոնք կարող են էապես ազդել նրանց հուզական բարեկեցության վրա։ Երեխային համապատասխան աջակցություն տրամադրելու համար՝ ծնողները կամ երեխայի խնամքով զբաղվող այլ մեծահասակները նախ և առաջ պիտի ճանաչեն և կարողանան նկատել երեխային անհանգստություն պատճառող գործոնները։

Երեխաների շրջանում անհանգստության առավել տարածված հինգ պատճառներից են՝ դպրոցական սթրեսը, համեմատությունները և ինքնասևեռվածությունը, ընտանեկան վեճերը, ապագայի հանդեպ անհանգստությունը և ընդհանուր կամ հատուկ վախերը։

1. Դպրոցական սթրես

Դպրոցական միջավայրը երեխաների համար կարող է սթրեսի լուրջ աղբյուր լինել։ Շատ երեխաներ անհանգստանում են իրենց կրթական առաջադիմության, տնային աշխատանքների կամ քննությունների պատճառով։ Այս ճնշումը կարող է առաջանալ կամ սրվել ինչպես ծնողական վերաբերմունքի, այնպես էլ կրթական միջավայրի պատճառով։ Երեխաների մոտ հաճախ է հանդիպում նաև կատարելության անառողջ ձգտումը, որը կարող է հիասթափության և հուզական պոռթկումների հանգեցնել անգամ աննշան առաջադրանքների կատարման ընթացքում։

2. Համեմատություն և ինքնասևեռվածություն

Դպրոցական միջավայրում հասակակիցների հետ շփումը հաճախ երեխաներին ստիպում է համեմատել իրենց ուրիշների հետ՝ արտաքին տեսքի, կրթական հաջողությունների և սոցիալական դիրքի առումով։ Սոցիալական մեդիան է՛լ ավելի է սրում այս խնդիրը՝ ցուցադրելով այլոց կյանքի և կենսակերպի միայն դրական կողմերը և ձևավորելով սեփական կյանքի հանդեպ անիրատեսական սպասումներ։ Սոցիալական ցանցերի պատճառով երեխան կարող է զգալ նաև հասակակիցների ոչ ուղղակի ճնշումը՝ փորձելով հետևել նորաձևությանն ու այլոց վարքին կամ հաստատումներ ստանալ լայքերի և մեկնաբանությունների տեսքով։ Այս ամենի արդյունքում երեխան կարող է չափազանց ինքնասևեռված դառնալ՝ մշտապես մտածելով և անհանգստանալով սեփական տեսքի, կենսակերպի կամ հաջողությունների մասին։

3. Ընտանեկան վեճեր

Խաղաղ ընտանիք ունենալը չափազանց կարևոր է, որպեսզի երեխան իրեն անվտանգ զգա։ Անառողջ ընտանեկան մթնոլորտն ինքնին երեխաների համար անհանգստության լուրջ պատճառ է։ Երբ տանը լարվածություն կամ վեճեր կան, երեխաները նաև փորձում են հասկանալ, թե ինչ դերակատարում ունեն այդ ամենի մեջ՝ դրանով իսկ բազմապատկելով անհանգստությունն ու սթրեսը։ Ընտանեկան վեճերին ականատես լինելը կամ տանը մշտական լարվածություն զգալը երեխաների մոտ պահպանվող անհանգստության և վախի պատճառ են դառնում։ Իհարկե, չկա ընտանիք, որտեղ վեճեր չեն լինում և փոքրիկ վեճերն ունենում են նաև իրենց դրական ազդեցությունը՝ դրանց ականատես դառնալով՝ երեխան սովորում է, թե ինչպես են մեծահասակներն ի վերջո առողջ կերպով լուծում իրենց տարաձայնությունները և կայացնում փոխշահավետ որոշումներ։

4. Ապագայի հանդեպ անհանգստություններ

Երեխաները բավական արագ են ընկալում այն ամենն, ինչ տեղի է ունենում իրենց շուրջբոլորը։ Նրանք հաճախ քաջատեղյակ են լինում հասարակական այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են պատերազմները, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, բնական աղետները և առողջության հետ կապված հարցերը։ Լրատվամիջոցներից կամ հասակակիցներից այս թեմաների մասին լսելը կարող է հանգեցնել ապագայի հանդեպ անհանգստությունների։ Երեխաներն հաճախ ի վիճակի չեն առանց մեծահասակների օգնության հասկանալ և պատշաճ մշակել նման տեղեկատվությունը և այդ հարցում աջակցության կարիք ունեն։

5. Ընդհանուր և հատուկ վախեր

Շատ երեխաների մոտ ի հայտ են գալիս այնպիսի հատուկ վախեր, ինչպիսիք են մթությունից, միջատներից կամ բժշկական միջամտություններից վախը։ Այս վախերը հաճախ արտացոլում են սեփական անվտանգության և խոցելիության հետ կապված ավելի խորքային խնդիրներ։ Մանկական վախերը երբեմն կարող են մտահոգիչ լինել և պահանջել ոչ միայն ծնողական, այլև մասնագիտական աջակցություն։

Ինչպես օգնել երեխային անհանգստությունը նվազեցնելու հարցում

Երեխայի մոտ անհանգստության դրսևորումների բացասական ազդեցությունը նվազեցնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է վերջինիս փոխանցել այն միտքը, որ անհանգստությունը, վախը կամ հուսահատության զգացումը մեր կյանքի բնական մասն են, որոնցից անհնար է մշտապես խուսափել։ Այդ զգացումները հատուկ են բոլոր մարդկանց և կյանքի ընթացքում հաճախակի արտահայտվում են յուրաքանչյուրի մոտ։ Սակայն անհանգստությունը արժեզրկելը նույնպես օգտակար չէ։ Երեխան պետք է հասկանա, թե երբ է այդ հույզն իր համար վնասակար դառնում և ճիշտ ժամանակին կարողանա աջակցություն խնդրել։

Երեխային հնարավոր անհանգստություններից զերծ պահելու համար ծնողները կարող են անել հետևյալը․

  1. Ստեղծել առողջ մթնոլորտ։ Ծնողները պետք է ուշադիր լինեն, թե երեխայի ներկայությամբ ինչպես են արտահայտում իրենց զգացմունքները և ինչպես են արձագանքում տարատեսակ իրավիճակներին։ Մշտական հանգստություն ցույց տալն, իհարկե, անիրատեսական է, սակայն զգացմունքներն առավել առողջ և կանխատեսելի կերպով արտահայտելու հանձնառությունը կարող է նվազեցնել ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների անհանգստությունը։
  2. Հաստատել զգացմունքները։ Ծնողները պիտի սովորեցնեն երեխաներին ճանաչել և առողջ կերպով արտահայտել իրենց զգացմունքները։ Նրանց զգացմունքները հաստատելը (չմերժելը և չարժեզրկելը) և առօրյայում բարդ հույզերի հաղթահարման ռազմավարություններ կիրառելը կօգնեն երեխաներին ձեռք բերել հուզական կարգավորման հմտություններ։
  3. Ազդել ինքնության ձևավորման վրա։ Ծնողները պիտի աշխատեն ամրապնդել երեխայի ինքնագնահատականը՝ ընդգծելով նրա կարևորությունը, ուժեղ կողմերը և ապահովելով անվերապահ աջակցություն։ Ծնողները պիտի նաև խրախուսեն երեխաների հետաքրքրությունները և հնարավորինս ներգրավվեն դրանց քննարկման մեջ։
  4. Ակտիվ ունկնդրել։ Ծնողները պիտի զերծ մնան երեխայի խնդիրներն անհապաղ և տեղում լուծելու մղումներից՝ փոխարենը կենտրոնանալով ուշադիր լսելու և երեխայի միտքը հարցերի միջոցով հստակեցնելու վրա։ Ակտիվ ունկնդրման միջոցով ծնողը կարող է երեխային տրամադրել այնպիսի միջավայր, որտեղ վերջինս ինքն է հանգում իր խնդիրների լուծմանը և ինքնուրույնություն ցուցաբերում։
  5. Օրինակ ծառայել։ Երեխայի մտավոր առողջության մասին հոգ տանելու համար ծնողը նախ և առաջ պիտի կարողանա հոգ տանել սեփական բարեկեցության մասին։ Երեխան պիտի տեսնի, որ ծնողներն հետաքրքրվում են սեփական առողջությամբ և կարողանում են առողջ կարպով հաղթահարել դժվարությունները։ Սեփական հույզերի կամ հոգեբանական խնդիրների հաղթահարման մասին երեխայի հետ խոսելը կարող են արժեքավոր փորձի աղբյուր լինել և օրինակ հանդիսանալ։
Պահպանե՛ք այս էջը
Հերմինե Ստեփանյան
Հերմինե Ստեփանյան