Ինչպես շփվել այլոց հետ, երբ սթրեսի վիճակում ենք

Սթրեսը հարմարվողական արձագանք է, որը մեր օրգանիզմը տալիս է արտաքին աշխարհից եկող կամ մեր իսկ մտավոր աշխատանքի ընթացքում առաջացող ազդակներին։ Սթրեսի ընթացքում օրգանիզմը կենտրոնացած է հնարավոր վտանգներին կամ մարտահրավերներին մեզ համար բարենպաստ կերպով արձագանքելուն։

Սթրեսն ինքնին վնասակար երևույթ չէ։ Այն օգնում է մեզ արագ կողմնորոշվել, կենտրոնացնել ուշադրությունը և անհրաժեշտության դեպքում գործել ավելի վճռական։ Սակայն, երբ սթրեսը չափազանց ուժեղ է կամ երկարատև, այն սկսում է ազդել ոչ միայն մեր ինքնազգացողության, այլև մտածողության, հույզերի և շփման ձևի վրա։ Հենց այդ պատճառով էլ սթրեսի պայմաններում մարդիկ հաճախ արձագանքում են այնպես, ինչպես հանգիստ վիճակում երբեք չէին արձագանքի։

Երբ օրգանիզմը գտնվում է սթրեսի վիճակում, բնական է, որ ուղեղի համար համեմատաբար բարդ է տարատեսակ գրգռիչներին ավելի «ընդունելի» կամ «բարեպատշաճ» արձագանքներ մշակելը։ Սա հաճախ անդրադառնում է նաև մեր հաղորդակցվելու կարողության վրա։

Սթրեսի վիճակում մենք կարող ենք սխալ հասկանալ դիմացինի խոսքերը, ավելի սուր ընկալել նույնիսկ չեզոք արտահայտությունները կամ շտապ եզրակացություններ անել։ Երբեմն նաև դժվարանում ենք լսել մինչև վերջ, համբերատար պատասխանել կամ նկատել, թե ինչ զգացողություններ է ապրում զրուցակիցը։ Արդյունքում նույնիսկ սովորական խոսակցությունը կարող է վերածվել տարաձայնության կամ կոնֆլիկտի։

Հաղորդակցման վրա սթրեսի նմանօրինակ բացասական ազդեցությունը նվազեցնելու համար մտավոր առողջության մասնագետները խորհուրդ են տալիս անել հետևյալը․

ՃԱՆԱՉԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՎԱՐՔԸ։ Անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես ենք մենք հաղորդակցվում սթրեսի պայմաններում։ Արդյո՞ք ակամա անտեսում ենք այլոց, կամ կոպիտ արձագանքում, երբ դիմում են մեզ։ Փոքր-ինչ մտածեք այդ մասին և շարունակեք հետևյալ նախադասությունը՝ «Սթրեսի վիճակում շփվելիս՝ ես կարող եմ…»։ Այս պարզ վարժությունը կարող է օգնել նկատել այն վարքագծային օրինաչափությունները, որոնք սովորաբար չենք գիտակցում։ Երբ հասկանում ենք, թե ինչպես ենք արձագանքում սթրեսի պայմաններում, ավելի հեշտ է ժամանակին նկատել այդ փոփոխությունները և փորձել վերահսկել դրանք։

ՀԵՏԵՎԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԽՈՍՔԻՆ։ Սթրեսի վիճակում շփվելիս անհրաժեշտ է խուսափել հարձակվողական և հրամայական նախադասություններից՝ փոխարինելով դրանք այնպիսի նախադասություններով, որոնք ցույց են տալիս մեր հոգատարությունը սեփական անձի հանդեպ։ Օրինակ՝ «Մի ընդհատիր, երբ խոսում եմ» ասելու փոխարեն կարելի է ասել «Ինձ համար ավելի հեշտ է ամբողջությամբ հայտնել ասելիքս, ապա նոր անդրադառնալ տարաձայնություններին»։ Այս հարցում հմտանալու համար անհրաժեշտ է սկսել մարզումները նախքան սթրեսային վիճակում հաղորդակցվելու անհրաժեշտության առաջանալը։ Նման ձևակերպումները ոչ միայն նվազեցնում են լարվածությունը, այլև մեծացնում են հավանականությունը, որ դիմացինը պատրաստ կլինի լսել մեզ և համագործակցել։ Խոսելու ձևը հաճախ նույնքան կարևոր է, որքան բուն ասելիքը։

ՀԵՏԱՁԳԵԼ ՇՓՈւՄԸ։ Այն դեպքերում, երբ դա հնարավոր է, կարելի է պարզապես հետաձգել շփումը։ Մենք կարող ենք մի փոքր ժամանակ խնդրել, որպեսզի կարգավորվենք, կամ հայտնել սթրեսի աղբյուրի մասին և օգնություն հայցել։ Որոշակի դադար վերցնելը, հանգստանալը և ուժեր հավաքելը կօգնեն նվազեցնել սթրեսի ազդեցությունը և ավելի սթափ մտքով հաղորդակցվել։ Կարևոր է հիշել, որ զրույցը հետաձգելը խնդրից խուսափել չի նշանակում։ Ընդհակառակը, երբ մենք վերադառնում ենք քննարկմանը ավելի հանգիստ վիճակում, մեծանում է հավանականությունը, որ կկարողանանք ավելի լավ հասկանալ միմյանց և գտնել փոխադարձ ընդունելի լուծում։

ՈւՂՂԵԼ ՍԽԱԼՆԵՐԸ ՏԵՂՈւՄ։ Այն դեպքում, երբ սթրեսն արդեն իսկ արել է իր «սև գործը», անհրաժեշտ է անմիջապես շտկել իրավիճակը և չթողնել, որպեսզի խնդիրները խորանան։ Զրուցակցին ակամա կոպտելու կամ վիրավորելու պարագայում լավագույն մոտեցումը սեփական սխալներն ընդունելն ու ներողություն խնդրելն է։ Ներողություն խնդրելը բնավ չի նշանակում, թե մենք սխալ տեսակետ ենք ունեցել կամ ետ ենք կանգնում մեր դիրքորոշումներից։ Դա միայն ցույց է տալիս, որ գիտակցում ենք մեր վարքի ազդեցությունը դիմացինի վրա և կարևորում ենք հարաբերությունները։ Շատ դեպքերում անկեղծ ներողությունը և իրավիճակը բացատրելու պատրաստակամությունը կարող են կանխել երկարատև վիրավորվածությունն ու վերականգնել փոխադարձ վստահությունը։

Պահպանե՛ք այս հոդվածը
guest
Կարծիք
0 Մեկնաբանություն
Նախ լավերը
Նախ նորերը Նախ հները