ՄԵՆՅՈւ

Ինչ է խանդը և ինչպես այն հաղթահարել

Շատերս ենք անհանգստության, զայրութի կամ նախանձի զգացողություն ունենում, երբ մեր զուգընկերը կամ այն անձն, ում հետ կապվածություն ունենք, սիրով կամ հարգանքով լի վերաբերմունք է ցուցաբերում մեկ այլ անձի հանդեպ։ Արձագանքների այդ խումբը՝ խանդը, հատուկ է յուրաքանչյուր մարդու և մեծ մասամբ չի խոսում որևէ իրական խնդրի կամ անբնականոնության մասին։

Խանդը տհաճ զգացումների համակարգ է, որն ազդանշան է տալիս միջանձնային հարաբերություններում առկա իրական կամ երևակայական վտանգի մասին։ Այն «սեփականատիրական» զգացողություն է և զուգընկերոջ համար բոլոր իմաստներով միակը լինելու ցանկություն։ Խանդն ուղեկցվում է ունեցած հարաբերությունները կորցնելու վախով, զայրույթով, վրդովմունքով և վախի պատճառ դարձած անձի հանդեպ թշնամանքի զգացումով։ Խանդ զգալիս՝ մենք ունենում ենք խիստ անկառավարելի վախ, որն անհնար է դարձնում ռացիոնալ որոշումների կայացումը։

Խանդի զգացումը մարդկանց մոտ սկսում է դրսևորվել՝ սկսած մանկությունից։ Այն նորմալ և բնական զգացում է, որն ունենում են նրանք, ովքեր սիրում են։ Ասում են անգամ, թե «չկա սեր առանց խանդի» կամ «եթե խանդում է, ապա սիրում է»։

Կարևոր է, սակայն, տարբերել սովորական խանդը հարաբերություններում անապահովության զգացումից։ Երբ անձն իրեն վստահ չի զգում իր զուգընկերոջ հետ և հարաբերությունների հետ կապված մշտական տագնապ ու անորոշության զգացում է ունենում, կարող ենք ասել, որ վերջինս հարաբերություններում իրեն ապահով չի զգում։ Այդ անապահովությունն հաճախ արտահայտվում է նաև խանդի տեսքով։ Հարաբերություններում անապահով զգալու մասին ավելին կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ։

Կաևոր է խանդը չշփոթել նաև «պարանոյայի» հետ։ Պարանոիդ անձնային խանգարմանը բնորոշ են անհիմն կասկածամտությունը, անվստահությունը, այլ մարդկանցից մշտական վտանգ ակնկալելը և այլն։ Խանդն ինքնին չի կարող լինել այս խանգարման ապացույց և միայն դրա ախտանիշներից մեկն է։ Անձի մոտ պաթոլոգիկ խանդի նշաններ նկատելու դեպքում անհրաժեշտ է համոզվել, որ վերջինիս մոտ առկա չեն նաև պարանոիդ անձնային խանգարման այլ նշաններ։ Այդ նշանների առկայության դեպքում՝ անհրաժեշտ է խորհրդակցել մտավոր առողջության մասնագետի (հոգեբույժի, հոգեբանի) հետ։

Ըստ մասնագետների, կան խանդի տարբեր տեսակներ․ 

  • Խանդ զուգընկերոջ հանդեպ – կան դեպքեր, երբ խադի այս տեսակն օբյեկտիվորեն հիմնավորված է, օրինակ՝ իրական անհավատարմությունը։ Որոշ դեպքերում էլ այն պարզապես իռացիոնալ խանդ է, երբ մարդը խանդելու համար հորինում, պատկերացնում և գտնում է իրականությանը չհամապատասխանող պատճառներ։
  • Մանկական խանդ – երբ  ընտանիքում կա մեկ երեխա և լույս աշխարհ է գալիս երկրորդը՝ առաջնեկի մոտ կարող է կրտսերի հանդեպ խանդ առաջանալ, քանզի ընտանիքում հայտնվել է մեկն, ում հանդեպ ավելի շատ ուշադրություն և հոգատարություն են ցուցաբերում, քան՝ իր։
  • Ծնողական խանդ – երբ երեխան դեռահասության տարիքում սիրահարվում է և իր առաջին հարաբերություններն է սկսում, ծնողների մոտ կարող է խանդի զգացում առաջանալ այն մտքից, թե իրենք այլևս պետք չեն զավակին։ Խանդի այս տեսակն առաջանում է կորստի վախից։

Ինչու են մարդիկ խանդում

Խանդի հիմքը վախն է։ Դա կարող է լինել վախ՝ կապված սիրո, անվտանգության, կայունության, վստահության կամ իշխանության կորստի հետ։ Խանդն օգնում է մեզ հասկանալ մեր հարաբերությունների կարևորությունը, ինչպես նաև նկատել և չեզոքացնել հարաբերություններին սպառնացող գործոնները։ Այս հույզի գոյությունն ապացուցում է, թե մեր տեսակի պահպանման համար որքան կարևոր են եղել ընտանիքն ու սոցիալական այլ կապերը։

Խանդն հիմնականում իրավիճակային բնույթ է կրում և զգալի անհանգստություն չի պատճառում մեզ։ Երբեմն, սակայն, այս հույզը կարող է ասես բնորոշել մի անձի վերաբերմունքը մյուսին՝ պահպանվելով և կրկնվելով տարատեսակ իրավիճակներում։ Հաճախակի խանդի զգացման պատճառ հանդիսացող գործոններ կարող են լինել․

  • Անինքնավստահությունը, ոչ առողջ ինքնագնահատականը։ Երբ զուգընկերն անընդհատ վախենում է, որ ինքն այնքան էլ լավը չէ և իր սիրելին կարող է գտնել ավելի լավին։
  • Տրավմատիկ փորձը, երբ նախկինում ունեցած հարաբերություններն այնքան էլ առողջ չեն եղել կամ մարդն արդեն դավաճանված է եղել մեկ այլ անձի կողմից։
  • Բացասական դիրքորոշումները։ Օրինակ՝ այն զգացումը, թե մեզ չեն կարող սիրել այնպիսին, ինչպիսին կանք։ Նմանօրինակ զացումներ կարող են առաջանալ մանկական տարիներին ծնողների հետ ունեցած անբարենպաստ հարաբերությունների պատճառով։
  • Փոփոխություններն հարաբերություններում։ Խանդը կարող է ազդանշան լինել, որ հարաբերություններում ինչ-որ բան փոխվել է կամ սխալ է ընթանում։
  • Ոչ առողջ կապվածությունը։
  • Եսասիրությունը և սեփականատիրական զգացումունքները, և այլն։

Ինչպես նկատել խանդը

Ոչ բոլորն են պատրաստ խոստովանել, որ խանդում են։ Հաճախ մենք նույնիսկ չենք գիտակցում այս հույզի առկայությունը մեզ մոտ։ Սակայն կան որոշակի նշաններ, որոնք խոսում են խանդի մասին։ Օրինակ՝

  • Զուգընկերոջ հանդեպ անվստահություն,
  • Մշտապես զուգընկերոջ կողքին գտնվելու ցանկություն,
  • Անհանգստության զգացում, երբ զուգընկերը խոսում է այլ մարդկանց մասին,
  • Զուգընկերոջ սոցիալական ցանցերի պարբերական ստուգումներ,
  • Մտքեր զուգընկերոջ կողմից դավաճանված լինելու մասին,
  • Զուգընկերոջ վարքը ղեկավարելու փորձեր, և այլն։

Կարևոր է հաշվի առնել, որ անառողջ խանդի մասին կարելի է խոսել, երբ վերը թվարկված երևույթներն իրավիճակային բնույթ չեն կրում և շարունակաբար են դրսևորվում։

Ինչպես դադարել խանդել

Խանդը վտանգ է ներկայացնում ոչ միայն այն անձի համար, ում խանդում են, այլ նաև՝ հենց խանդողի։ Մասնագետները փաստում են, որ մարդիկ, որոնք հակված են խանդելու, ունեն արյան բարձր ճնշում, հաճախասրտություն և բարձր ադրենալին, նրանց մոտ կարող է թուլանալ նաև իմունային համակարգը։ Խանդը կարող է նաև անհանգստության և անքնության պատճառ դառնալ։

Խանդն ինքնուրույն հաղթահարելու համար կարելի է անել հետևյալը․

  • Գիտակցել և ընդունել, որ խանդում ենք։ Սուր անհանգստություն նկատելու դեպքում՝ կիսվել զուգընկերջ հետ և հանդարտվելու (ուշքի գալու) համար ժամանակ խնդրել։
  • Խոսեք զուգընկերոջ հետ, պատմել սեփական ապրումների կամ անցյալի փորձի մասին։ Փորձել հասկանալ, թե որտեղից են գալիս մեր վախերը։
  • Դիմել օրագրի օգնությանը։ Գրի առել սուր տագնապային պահերը, այնուհետև փորձել հասկանալ, թե կոնկրետ ինչն է խանդի պատճառ հանդիսանում։
  • Հիշել, որ խանդի յուրաքանչյուր պոռթկում կարող է հեռացնել մեզ մեր զուգընկերոջից։
  • Հիշել, թե ում հանդեպ է եղել խանդի առաջին զգացումը և փորձել խոսել այդ անձի հետ։
  • Այն դեպքերում, երբ խանդը չափազանց շատ էներգիա և ռեսուրսներ է խլում՝ բացասաբար անդրադառնալով ինքնազգացողության և հարաբերությունների վրա, մտածել նաև հոգեբանի ծառայություններից օգտվելու մասին։

Կարևոր է հիշել, որ ցանկացած հարաբերություն կառուցվում և բարգավճում է վստահության շնորհիվ։ Խանդի բացասական հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է մշտապես ինքնակատարելագործվել, գտնել հաճելի զբաղմունքներ, ձևավորել շփման որոշակի շրջանակ և այլն։ Սիրելիին մեր կյանքի միակ զբաղմունքն ու ուշադրության առարկան դարձնելը մշտական խանդի պատճառներից մեկն է։

Պահպանել այս էջը
Աննա Ասոյան
Աննա Ասոյան

Հոգեբան Աննա Ասոյանը «Լավ ու Բարի» կայքի հեղինակներից է։ Ի թիվս այլ հրապարակումների, նա հեղինակել է հոդվածներ միայնության, միջին տարիքի ճգնաժամի, խանդի և այլ թեմաներով։

Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, միջին տարիքին բնորոշ անհանգստություն, ինչպես նաև միայնության զգացում, սթրես, նյարդային լարվածություն և այլն։

Հոգեբանին կարող եք դիմել՝ սեղմելով այստեղ։