Հույզերը կարող են կարևոր դեր կատարել այն հարցում, թե ինչպես է մարդը մտածում կամ վարվում։ Հույզերը կարող են դրդել մեզ գործողությունների և ազդել կյանքի ընթացքում ընդունվող մեծ ու փոքր որոշումների վրա։
Հույզերը կարող են կարճ կյանք ունենալ, ինչպես, օրինակ, գործընկերներից մեկի հանդեպ հպանցիկ զայրույթը, սակայն կարող են լինել նաև տևական, ինչպես հարաբերությունները խզելուց հետո ապրվող տխրությունն է։ Սակայն ինչու՞ ենք մենք իրապես ունենում այս կամ այն հույզը։ Ի՞նչ դեր են դրանք կատարում մեր կյանքում։
Հույզերի երեք բաղադրիչները
Հույզերի բնույթն ու նշանակությունն իրապես հասկանալու համար կարևոր է հասկանալ դրանց երեք կարևորագույն բաղադրիչները։ Այդ տարրերից յուրաքանչյուրը կատարում է իր դերը հուզական հակազդման գործառույթների մեջ։
- Սուբյեկտիվ բաղադրիչ – ինչպես է մարդն ապրում հույզը,
- Ֆիզիոլոգիական բաղադրիչ – ինչպես է մարմինն արձագանքում հույզին,
- Արտահայտչական բաղադրիչ – ինչ վարք է առաջացնում հույզը։
Հույզերը դրդում են գործողությունների
Երբ մենք, օրինակ, պատրաստվում ենք կարևոր քննությունների, կարող ենք տագնապ զգալ՝ մտածելով այն մասին, թե կարող ենք արդյոք լավ արդյունքներ ցույց տալ։ Այս հուզական հակազդման (տագնապի) պատճառով մենք կարող ենք ավելի ջանադրաբար պատրաստվել քննությանը։
Որոշակի հույզեր զգալով՝ մենք ձեռք ենք բերում դրդապատճառ՝ գործողություններ կատարելու և բարձր արդյունքներ ցուցաբերելու հավանականությունը մեծացնելու համար։
Մենք հակված ենք կատարել որոշակի գործողություններ, որպեսզի զգանք դրական հույզեր և նվազեցնենք բացասական հույզեր զգալու հավանականությունը։ Օրինակ՝ մենք կարող ենք ներգրավվել սոցիալական ծրագրերում կամ գտնել հոբբիներ, որոնք կօգնեն մեզ երջանկություն, ինքնավստահություն և ոգևորություն զգալ։ Եվ հակառակը՝ ամենայն հավանականությամբ մենք կնախընտրենք խուսափել իրավիճակներից, որոնք հանգեցնում են ձանձրույթի, տխրության կամ տագնապի։
Կարևոր է հիշել, սակայն, որ բացասական ապրումներից խուսափելու միտումը կարող է դիսթրեսի անհանդուրժման նշան լինել։ Թեև ներկա պահին բացասական հույզերի աղբյուրից խուսափելը կարող է ինքնախնայման վարքաձև թվալ և ունենալ իր օգուտները, տևական հեռանկարում նման մոտեցումն, ամենայան հավանականությամբ, կունենա իր բացասական հետևանքները։ Դիսթրեսի անհանդուրժման մասին առավել մանրամասն կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ։
Ինչպես պարզեցինք՝ հույզերը մեծացնում են մեր կողմից որևէ գործողություն ձեռնարկելու հավանականությունը։ Երբ մենք զայրացած ենք, մեծ է հավանականությունը, որ կառճակատվենք մեր զայրույթի աղբյուրին։ Երբ վախեցած ենք, կարող ենք խուսափել վտանգից, իսկ երբ սեր ենք զգում՝ ձգտել զուգընկերոջ կողքին գտնվելուն։
Հույզերն օգնում են խուսափել վտանգներից
Բնագետ Չարլզ Դարվինն առաջիններից մեկն էր, ով գիտական մեթոդներով ուսումնասիրեց հույզերը։ Նա հավատում էր, որ հույզերը դրանք հարմարվողական մեխանիզմներ են, որոնք օգնում են մարդուն և կենդանիներին գոյատևել և բազմանալ։
Նա կարծում էր, որ հուզական արտահայտումները կարող են նույնպես կարևոր դեր կատարել անվտանգության և գոյատևման համար։ Նկատելով կենդանու մոտ կատաղության նշաններ՝ մարդը հնարավորություն էր ունենում խուսափելու հավանական վտանգից։
Հույզերը կարող են նաև պատրաստել մարմինը գործողությունների։ Նշաձև համալիրն, օրինակ, հուզական հակազդումներ է առաջացնում՝ պատրաստելով մարմինը վախին կամ զայրույթին դիմակայելու։ Երբեմն այդ վախն առաջացնում է «խփիր կամ փախիր» հակազդումը՝ պատրաստելով մարմինը կամ վտանգի հետ առճակատվելուն կամ դրանից փախչելուն։
Հույզերը հարմարվողական դեր են կատարում՝ հուշելով մարդուն արագ արձագանքել և առավելագույնի հասցնել գոյատևման և հաջողության հասնելու հնարավորությունը։
Հույզերը կարող են օգնել որոշումներ կայացնելիս
Հույզերը զգալի ազդեցություն ունեն մեր կայացրած որոշումների վրա՝ սկսած նախաճաշի ընտրությունից, մինչև քաղաքական ընտրություններ։ Հետազոտողները պարզել են, որ ուղեղի՝ հույզերի համար պատասխանատու հատվածների վնասման դեպքում տուժում է նաև մարդու՝ որոշումներ կայացնելու կարողությունը։
Անգամ այն իրավիճակներում, երբ մենք հավատում ենք, որ մեր որոշումները լիովին բանական են և ռացոնալ, հույզերը միևնույն է կատարում են իրենց դերը։ Հուզական ինտելեկտը, կամ հույզերն հասկանալու և կառավարելու հմտությունը, լուրջ դերակատարում ունի որոշումների կայացման մեջ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ վախի զգացողությունը մեծացնում է ռիսկի ընկալումը, զզվանքի զգացում ապրող մարդիկ ավելի հեշտ են հրաժարվում այն ամենից, ինչ իրենց է պատկանում, իսկ ուրախությունն ու զայրույթը դրդում են գործողության։
Հուզական ինտելեկտի մասին մեր բոլոր գրառումները կարող եք տեսնել՝ սեղմելով այստեղ։
Հույզերն օգնում են այլոց՝ հասկանալ մեզ
Մարդկանց հետ շփման ընթացքում կարևոր է տրամադրել նրանց հուշումներ մեր զգացմունքների մասին։ Այդ հուշումները կարող են ներառել հույզերի արտահայտում մարմնի լեզվի՝ օրինակ դիմախաղի միջոցով։
Այլ դեպքերում մենք կարող են բառացի արտահայտել մեր զգացումները։ Երբ մենք հայտնում ենք ընկերներին կամ ընտանիքին, որ երջանիկ ենք, տխուր, ոգևորված կամ վախեցած, մենք նրանց գործողությունների մղող կարևոր տեղեկություն ենք տրամադրում։
Հույզերն օգնում են մեզ՝ հասկանալ այլոց
Ինչպես մեր հույզերն են այլոց արժեքավոր տեղեկություններ փոխանցում, այնպես էլ մեզ շրջապատողների հուզական արտահայտումները կարող են մեզ սոցիալական հարուստ տեղեկություններ հաղորդել։ Սոցիալական հաղորդակցությունը մեր առօրյա կյանքի և հարաբերությունների կարևոր մասն է։ Այլոց հույզերը մեկնաբանելու և դրանց արձագանքելու ունակությունը կենսապես անհրաժեշտ է մեզ։
Այդ հմտությունն օգնում է համահունչ արձագանքել և կառուցել ավելի խորքային և իմաստալից հարաբերություններ մեր ընկերների և սիրելի մարդկանց հետ։ Այն նաև տարբեր սոցիալական իրավիճակներում ավելի արդյունավետ հաղորդակցվելու հնարավորություն է տալիս։
Այլոց հուզական արտահայտումները հասկանալով՝ մենք կարողանում ենք իրավիճական համապատասխան արձագանք տալ։