
Ինչ են անառողջ սպասումները և ինչպես դրանք նվազեցնել

Անառողջ են համարվում մեր այն սպասումները կամ ակնկալիքները, որոնք հենված չեն առկա փաստերի, տրամաբանության կամ օրինաչափությունների վրա։ Մենք կարող ենք անառողջ սպասումներ ունենալ ինչպես ինքներս մեզնից, այնպես էլ՝ այլ անձանցից։ Առավել հաճախ մենք անառողջ սպասումներ ենք ունենում մեր զուգընկերներից և ընտանիքի այլ մերձավոր անդամներից (ծնողներից, զավակներից)։
Օրինակ՝ մենք կարող ենք անառողջ սպասում ունենալ, թե տագնապը կարելի է իսպառ վերացնել մեր կյանքից։ Թեև այդ միտքն ինքնին հուսադրող է, այն կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։ Երբ մենք չկարողանանք դա անել (քանի որ դա պարզապես անհնարին է), կարող ենք ինքներս մեր հանդեպ զայրույթ զգալ կամ ամաչել սեփական անկարողության պատճառով։ Այս դեպքում սպասումն անառողջ է, քանի որ հենված չէ տրամաբանության և փաստերի վրա։
Կամ մենք կարող ենք ակնկալել, որ մեր զուգընկերը հիշելու է մեր ծանոթության օրը և շնորհավորելու է այն։ Այս ակնկալիքը և՛ս հաճելի և դրական է, սակայն կարող է անառողջ լինել այն դեպքում, եթե նախորդ տարիներին զուգընկերը չի հիշել ծանոթության օրը, այսինքն՝ եթե սպասումն հենված չէ օրինաչափության վրա։ Այս դեպքում՝ չարդարացված սպասումների պատճառով մենք կարող ենք զայրույթ և հիասթափություն զգալ։ Երբեմն դա դրսևորվում է պասիվ ագրեսիայի տեսքով։ Այս մասին ավելին կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ։
Անառողջ սպասումներն օգնում են մեզ ներկա պահին և վնասում՝ այդ պահից հետո։
Ինչպես պարզ դարձավ օրինակներից՝ անառողջ սպասումներն իրենց բնույթով հաճելի կամ հուսադրող են։ Դրանք «պաշտպանում» են մեզ անօգնականության զգացումից, անորոշությունից և կյանքի տարբեր բնագավառների անվերահսկելիությունից։ Ձևավորելով որոշակի ակնկալիքներ այն մասին, թե իրավիճակներն ինչպես պիտի զարգանան կամ այլ մարդիկ իրենց ինչպես պիտի պահեն՝ մենք ասես կանխատեսելի և վերահսկելի ենք դարձնում կյանքը՝ այդպիսով ազատվելով անկարողության զգացումից։
Ինչպես վարվել անառողջ սպասումների հետ
Իրականում անառողջ սպասումները կարող են ընդամենը փախուստի կամ խուսափման դրսևորում լինել։ Ներկա պահին նման սպասումների միջոցով մեղմելով անցանկալի ճշմարտության ազդեցությունը՝ հետագայում մենք բախվում ենք ոչ պակաս անցանկալի իրողությունների՝ տագնապի, դեպրեսիայի, վեճերի և այլն։
Անառողջ սպասումների տհաճ ազդեցությունը նվազեցնելու համար կարելի է անել հետևյալը․
- Մտածել սեփական սպասումների մասին։ Սա կարելի է անել ինչպես գրավոր, այնպես էլ մտքի մեջ։ Միայն թե մտածելուն անհրաժեշտ է նախապես որոշակի ժամանակ հատկացնել։ Գրավոր մտածելու դեպքում մենք կարող ենք նախ թվարկել բոլոր այն սպասումները, որ ունենք ինքներս մեզանից, ապա այն սպասումները, որ ունենք այլ մարդկանցից և աշխարհից՝ առհասարակ։
- Գտնել անարդիական սպասումները։ Օրինակ՝ ծնողների կողմից հաճախ պատժված անձը կարող է պատիժների սպասել նաև հասուն տարիքում՝ չմտածելով այն մասին, որ արդեն չափահաս է և ինքնուրույն, հետևաբար պատժվելու իր սպասումն այլևս արդիական չէ (վերաբերվում է միայն անցյալին)։ Կամ հակառակը՝ ընտանիքի կողմից մշտապես քաջալերված անձը կարող է ակնկալել, թե մարդիկ շարունակ քաջալերելու են իրեն, ապա պարզել, որ չափահաս տարիքում դա ավելի հազվադեպ է տեղի ունենում։
- Գտնել անիրատեսական սպասումները։ Օրինակ՝ որքանո՞վ է իրատեսական, որ հյուրերը մշտապես կկարողանան գալ ակնկալվող ժամին։ Կամ որքա՞ն իրատեսական է մշտապես մրցույթներում հաղթելը և այլն։ Նման ակնկալիքներն հաճախ անտրամաբանական են, քանի որ մեր սպասումից բացի որևէ այլ հանգամանք հաշվի չեն առնում (օրինակ, որ հյուրերի՝ պայմանավորված ժամին գալը կախված է նաև խցանումներից)։
- Գտնել ոչ օրինաչափ սպասումները։ Անգամ եթե մտերիմ ընկերն ամեն տարի հիշել և զանգել է մեր ծննդյան օրը, կախված տարատեսակ հանգամանքներից, նա այս տարի կարող է չզանգահարել։ Է՛լ ավելի քիչ հավանական է, որ նա կզանգահարի, եթե նախորդ տարիներին և՛ս երբեմն չի զանգահարել։ Մենք պիտի կարողանանք հարմարեցնել մեր սպասումները անցյալի փորձի արդյունքում ստացած գիտելիքին։ Եթե ամուսինը նախկինում երբեք չի կարողացել հիշել գնումների ճշգրիտ ցանկը, ապա չարժե ակնկալել, որ այս անգամ դա նրան հաջողվելու է։
- Վերանայել անառողջ սպասումները։ Անարդիական, անիրատեսական և ոչ օրինաչափ սպասումները գտնելուց հետո կարելի է գրավոր կամ մտովի վերաձևակերպել դրանք։ Օրինակ՝ «Միշտ չէ, որ նա զանգահարում է իմ ծննդյան օրը։ Այս տարի էլ հավանականությունը հիսուն-հիսուն է», «Նա երբեք չի հիշում գնումների ցանկը․ պիտի սպասել անակնկալների», «Ես միշտ բարձր գնահատականներ եմ ստանում, սակայն կարող են առաջանալ հանգամանքներ, որոնք կխախտեն այդ օրինաչափությունը»։
Ինչ ակնկալել անառողջ սպասումների նվազեցումից
Որոշակի զգոնություն ցուցաբերելու և մեր անառողջ սպասումները վերլուծելու արդյունքում կարող ենք ինքներս մեր և այլ մարդկանց հանդեպ ավելի իրատեսական սպասումներ ձևավորել։ Սա կօգնի նվազեցնել կոնֆլիկտները, ինքնաքննադատությունը, մեղավորության զգացումը, ամոթը, զայրույթը, և այլն։ Անառողջ սպասումները ինքնագոյացվող սթրեսի աղբյուր են։ Դրանք նվազեցնելով՝ մենք կնվազեցնենք նաև մեր սթրեսի մակարդակը։
Եթե այս հոդվածում նկարագրվում էր ձեզ հուզող խնդիր, ապա կարդացեք նաև «Ինչ է ինքնակարեկցանքը և ինչպես կարող ենք այն զարգացնել» հոդվածը՝ սեղմելով այստեղ։ Այնտեղ մենք պատմում ենք, թե ինչպես ավելի հոգատար լինել սեփական անձի հանդեպ, և խուսափել ավելորդ ինքնաքննադատությունից։







