ՄԵՆՅՈւ

Ինչ է պետք իմանալ հոգեբանի այցելելուց առաջ

«Դիմի՛ր մասնագետի» խորհուրդը հեշտ իրագործելի է թվում այն տվողներին։ Մենք գնալով ավելի ու ավելի հաճախ ենք լսում այն, երբ ընկերների կամ հարազատների հետ քննարկում ենք սեփական խնդիրները, լսում դրանց մասին հեռուստացույցով կամ կարդում համացանցում։

Սակայն ո՞ր դեպքում և ու՞մ է անհրաժեշտ դիմել։ Ի՞նչ է պետք իմանալ դիմելուց առաջ։ Երբ անորոշությունն այդքան շատ է ու մենք դժվարանում ենք կողմնորոշվել, հաճախ պարզապես ականջի ետև ենք գցում լսած խորհուրդները։ Կողմնորոշվելու և հոգեբանին դիմելու մտադրությունը վերջապես իրագործելու համար «Լավ ու Բարին» առաջարկում է նախ կատարել հետևյալը․

Ճանաչել խնդիրը

Առաջինն, ինչի մասին պիտի մտածենք նախքան հոգեբանի դիմելը՝ այն խնդիրն է, որի լուծման համար դիմում ենք։ Չէ՞ որ թերապիայի յուրաքանչյուր տարատեսակ առավել մեծ արդյունավետություն է ցույց տալիս որոշակի խնդիրների դեպքում և կարող է օգտակար չլինել մյուսների շտկման հարցում։ Յուրաքանչյուր մասնագետ էլ, հիմնականում, աշխատում է թերապիայի մեկ կամ մի քանի իրար կապակցված մեթոդներով, որոնք կարող են կիրառելի չլինել մեր կոնկրետ խնդրի լուծման հարցում։

Գոնե մոտավորապես հասկանալով մեր խնդիրը, որոշակի ուսումնասիրություն կատարելով և պարզելով դրա լուծման արդյունավետ եղանակները, նոր միայն կարող ենք անցնել թերապիայի տեսակի և մասնագետի ընտրությանը։

Ճանաչել թերապիայի տեսակը

Ոչ բոլոր խնդիրների դեպքում է անհրաժեշտ լինում լիարժեք թերապիա անցնել։ Հաճախ հոգեբանի հետ խորհրդատվությունը կարող է բավարար լինել՝ սեփական խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհն հասկանալու համար։ Իսկ այն դեպքերում, երբ թերապիան, այնուամենայնիվ, անհրաժեշտ է, կարևոր է տեղեկացված լինել, թե թերապևտիկ որ մոտեցումներն են հարմար մեր կոնկրետ խնդրի լուծման համար։

Հայաստանում առավել հաճախ առաջարկվող թերապիայի տարատեսակ է հոգեվերլուծությունը, և մասնագետներից շատերը նշում են, որ կիրառում են հենց այդ մոտեցումը։

Արևմուտքում առավել տարածված թերապևտիկ մոտեցումներն են հոգեվերլուծության հիման վրա ստեղծված հոգեդինամիկ թերապիան և կոնգնիտիվ-վարքային թերապիան։ Վերջինիս մասին կարող եք կարդալ մեր «Ինչ է կոգնիտիվ վարքային թերապիան և արդյոք այն իսկապես օգնում է» հոդվածում՝ սեղմելով այստեղ։

Հոգեթերապիայի առավել նոր տարատեսակներից են «Ընդունման և հանձնառության թերապիան», «Դիալեկտիվ-վարքային թերապիան», «Կարեկցանքի շուրջ կենտրոնացած թերապիան» և այլն։ Հայաստանում սրանք համեմատաբար ավելի հազվադեպ կիրառվողներից են։

Թերապիայի որոշ տեսակներ կիրառելի են խիստ սահմանափակ խնդիրների դեպքում, որոշներն էլ (ինչպես, օրինակ, կոգնիտիվ-վարքային թերապիան) համամատաբար ավելի լայն կիրառություն ունեն։

Մասնագետի դիմելուց առաջ անհրաժեշտ է պարզել, թե որն է մեր խնդիրը և թերապիայի որ տարատեսակն է այդ հարցում առավել արդյունավետ, ապա նոր միայն գտնել այն մասնագետին, ով աշխատում է տվյալ մոտեցմամբ։

Ճանաչել հոգեբանին

Մասնագետի ընտրությունը, թերևս, ամենից բարդ և էական աշխատանքն է, որն անհրաժեշտ է կատարել հոգեբանի դիմելուց առաջ։ Մեր «Ինչպես գտնել լավ հոգեբան և չխաբվել գովազդին» հոդվածում արդեն խոսել ենք այն մասին, թե ինչպես կարելի է հնարավորինս կրճատել «սխալ» մասնագետի ընտրելու հավանականությունը և խուսափել խաբեություններից։ Մասնագետի ընտրելուց առաջ խորհուրդ ենք տալիս անպայման կարդալ այդ հոդվածը՝ սեղմելով այստեղ։

Իսկ այս հոդվածում կարող ենք ավելացնել միայն այն, որ մասնագետի ընտրության հարցում յուրաքանչյուրն, ըստ անհրաժեշտության, պիտի հաշվի առնի նաև անհատական այնպիսի նախընտրություններ, ինչպիսիք են՝

  • մասնագետի տեսակետը մտավոր առողջության խանգարումների և դրանց շտկման մեթոդների մասին,
  • մասնագետի վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների հանդեպ,
  • մասնագետի կարծիքը նեյրոբազմազանության մասին,
  • մասնագետի պատկանելիությունը որոշակի խմբերի (ազգություն, կրոն, կուսակցություն)։

Թեև հոգեբանի և հոգեթրապևտի առաջ դրված պարտադիր պայմաններից մեկը հաճախորդին գնահատականներից և քննադատությունից զերծ միջավայրի տրամադրումն է, մեզանից ոմանք գուցե նախընտրեն այնպիսի մասնագետների, որոնց հետ ավելի հեշտությամբ կարելի է բաց և բարիդրացիական հարաբերություններ հաստատել։

Հաշվարկել ծախսերը

Թերապիայի մեկ սեանսի արժեքը Հայաստանում կարող է սկսվել 5000 դրամից և հասնել մինչև այնտեղ, ուր կտանի մասնագետի երևակայությունը։ Մեկ սեանսի արժեքը միջինը 15000 դրամ է։

Անհատական պրակտիկայով զբաղվող և առցանց ծառայություններ առաջարկող մասնագետները կարող են տրամադրել համեմատաբար ավելի էժան ծառայություններ, քանզի հոգեբանական կենտրոններում վերջիններիս եկամուտը կիսվում է կենտրոնի հետ, իսկ գրանսենյակում աշխատելու համար ծառայությունների գինն աճում է տարածքի վարձակալության պատճառով։ Էժան գինն այս դեպքում ամենևին էլ չի խոսում ավելի վատ ծառայություններ տրամադրելու մասին։ Սակայն տրամաբանական է նաև, որ պահանջարկ վայելող մասնագետները չունեն այցելուների պակաս և կարող են բարձրացնել իրենց ծառայությունների արժեքը։

Թերապիայի ամենից երկար տևողություն ունեցող տեսակը հոգեվերլուծությունն է։ Այն միջինում կարող է տևել վեց ամիս, իսկ հաճախ նաև ավելի երկար։ Կոգնիտիվ-վարքային թերապիայի և դրա հիման վրա ստեղծված թերապիաների միջին տևողությունը տասներկու սեանս է (3 ամիս)։ Այս թվերն, իհարկե, խիստ մոտավոր են։ Այն դեպքերում, երբ անձի վիճակը համամետաբար կայուն է և չի պահանջվում ինտենսիվ միջամտություն, թերապիան իրականացվում է շաբաթական մեկ անգամ։

Հոգեբանին դիմելուց առաջ անհրաժեշտ է հաշվարկել, թե մոտավորապես ինչ գումար է անհրաժեշտ այս կամ այն մասնագետին դիմելու և համապատասխան թերապիա անցնելու համար։ Պետք է համոզվել, որ նշված միջոցներն իսկապես առկա են և թերապիան ավարտին հասցնելը տվյալ ժամանակահատվածում իսկապես իրատեսական է։ Միայն մեկ սեանսի դիմաց վճարելը պարզապես անմտություն է և չի կարող որևէ հարց լուծել։ Իսկ թերապիան կիսատ թողնելը է՛լ ավելի մեծ գումարի կորուստ կարող է լինել։

Այն դեպքում, երբ մասնագետի դիմելու միջոցներ տվյալ պահին չկան, կարող եք կարդալ մեր «Ինչ անել, երբ հոգեբանի ծառայությունների դիմաց վճարելու հնարավորություն չկա» հոդվածը՝ սեղմելով այստեղ։

Ընտրել՝ առցանց, թե դեմառդեմ

Ինչպես արդեն ասացինք, մասնագետի առցանց ծառայություններն հիմնականում ավելի մատչելի են։ Սակայն առցանց թերապիան ունի նաև իր բացասական կողմերը։ Նախ մենք պիտի կարողանանք գտնել այնպիսի ժամանակահատվածներ, երբ մենակ ենք տանը կամ գտնվում ենք կողմնակի ականջներից հեռու որևէ այլ տարածքում։ Շատերիս դեպքում դա այնքան էլ հեշտ չէ։

Առցանց թերապիայի մեկ այլ բացասական կողմն է այն, որ խաբեբաներն ու կեղծ մասնագետներն հիմնականում փորձում են «ծառայություններ տրամադրել» հենց այդ եղանակով և խաբվելու հավանականությունն այստեղ զգալիորեն ավելի մեծ է։ Առցանց թերապիան կարող է նաև որոշակի տեխնիկական հմտություններ պահանջել, որոնք հատկապես բարդ են թվում ավագ սերնդի ներկայացուցիչներին։ Առցանց թերապիայի դեպքում անհրաժեշտ է նաև ունենալ կայուն և արագ ինտերնետ կապ, ինչը ոչ բոլոր բնակավայրերում է հասանելի։

Առցանց թերապիայի դրական կողմերից են՝ արժեքը, առավել ճկուն գրաֆիկը, նախապատրաստական աշխատանքների (ինքնահարդման և ճանապարհի) վրա խնայվող ժամանակը և այլն։

Առցանց թերապիա կարող են նախընտրել նաև նրանք, ովքեր չեն ցանկանում հոգեբանի գրասենյակ այցելել՝ ելնելով գաղտնիության նկատառումներից։

Մոռանալ ֆիլմերում տեսածը

Ֆիլմերում կամ հեռուստասերիալներում հաճախ են ցուցադրում հոգեբանի «ծաղրանկարային» կերպարը։ Հաճախ հոգեբանին սյուժեում ներառելը ունի միայն մեկ իմաստ՝ որպեսզի հերոսներից մեկն արտահայտի սեփական մտքերը, հեռուստադիտողին պատմի իր ապրումների մասին։ Քանի որ հոգեբանի անհրաժեշտությունն այս դեպքում կրում է զուտ երկրորդական բնույթ, վերջինս կարող է պարզապես լուռ նստած լինել, ըստ անհրաժեշտության խորհուրդներ տալ, դիմել հիպնոսի օգնությանը կամ մոգական կերպով գուշակել իր այցելուի մտքերն ու մտադրությունները։ Երբեմն էլ, երբ պահանջվում է սյուժեի ընթացքի փոփոխություն, հոգեբանը կարող է ծառայել նաև այդ նպատակով՝ կատարելով այնպիսի միջամտություններ, որոնք թեև օգտակար են ֆիլմը կամ սերիալն ավելի հետաքրքրիր դարձնելու տեսանկյունից, սակայն երբեք չեն կարող կատարվել իրական կյանքում։

Հոգեբանի այցելելուց առաջ շատ կարևոր է մոռանալ ողջ տեսածն ու պատրաստ լինել ծանոթանալու իրական անձի հետ և ներգրավվել իրական աշխատանքի մեջ։ Անհրաժեշտ է հիշել, որ հոգեթերապիայի առանձնահատկությունները կախված են մի շարք էական գործոններից, ինչպիսիք են այցելուի խնդիրը, այցելուի անձը, հոգեբանի անձը և այն մեթոդը, որով վերջինս աշխատում է։ Յուրաքանչյուր թերապիա յուրօրինակ է։ Մեզ հետ ոչ միայն չի կրկնվելու ֆիլմերում կամ սերիալներում տեսած փորձը, այլ նաև չի կարող կրկնվել որևէ այլ անձի փորձառությունը, թեև թերապիա անցած իրական անձիք, անշուշտ, կարող են դրա մասին ավելի իրատեսական պատկերացում տալ։

Պահպանե՛ք այս էջը
Գրիգոր Մուրադյան
Գրիգոր Մուրադյան

Հոգեթերապևտ Գրիգոր Մուրադյանը «Լավ ու Բարի» կայքի խմբագիրն է։ Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք տհաճ կամ անցանկալի հույզերի հետ կապված խնդիրներ, ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, ուշադրության և ինքնակառավարման հետ կապված խնդիրներ, սթրես, նյարդային լարվածություն, տագնապներ և այլն։

Մասնագետն աշխատում է կոգնիտիվ-վարքային թերապիայի և դրա հիման վրա ստեղծված ժամանակակից այլ մեթոդներով։ Տրամադրում է նաև ուղղորդվող ինքնօգնության ծառայություն։

Հոգեբանին կարող եք դիմել՝ սեղմելով այստեղ։