ՄԵՆՅՈւ

Ես ինքս հաճախում եմ հոգեբանի մոտ ու շատ եմ հարգում ձեր մասնագիտությունը։ Շնորհակալ եմ, որ դուք կաք։ Հիմա հարցս․ ըստ ձեզ՝ այցելուն, ձեր դիմաց նստած, ի՞նչ է մտածում ձեր մասին՝ որ դուք կլուծեք իր խնդիրները, թե որ իր մոտ հոգեվիճակ է, որը ենթակա է փոփոխման ու այցելուին պարզապես պետք է մեկը, ով կլսի նրա ցանկացած բառը, որպեսզի նա լիցքաթափվի։

Հարգելի ընթերցող, մենք (այդ թվում՝ հոգեբաններս) չենք կարող գուշակել այլոց մտքերը և որևէ մեկի մտադրությունների մասին տեղեկանում ենք բացառապես վերջինիս խոսքերից։ Կոգնիտիվ-վարքային թերապիայի առաջին սեանսի ընթացքում մենք այցելուի հետ փորձում ենք հստակեցնել թերապիայի նպատակը և շարժվել դրան հասնելու ուղղությամբ։

Այն դեպքում, երբ այցելուն որևէ նպատակ չունի, այլ ցանկանում է, ինչպես դուք ասացիք, «լիցքաթափվել», կարող ենք ասել, որ նա չունի հոգեթերապիայի անհրաժեշտություն։ Նման այցելուն կարող է, ըստ իր հայեցողության, ընտրել հանդիպումների հաճախականությունը և զրուցել մասնագետի հետ իրեն հուզող թեմաների շուրջ։ Ինչպես հավանաբար գիտեք, հոգեբանը զերծ է մնում ուղղակիորեն խորհուրդներ տալուց և իրավունք ունի կատարել միայն իր մասնագիտական կարողությունների շրջանակում տեղավորվող միջամտություններ։

Ձեր նշած դեպքում հոգեբանը կարող է հարցերի միջոցով օգնել ձեզ ձևակերպել կամ հստակեցնել սեփական մտքերը, կենտրոնանալ կարևորի շուրջ, ծրագրել հետագա անելիքները և այլն։

Հոգեբանի նպատակն է նաև ազատել մեզ իր մոտ այցելելու անհրաժեշտությունից։ Երբ մենք հոգեբանի հետ այցելություններ ենք վերցնում պարզապես զրուցելու համար, մասնագետը կարող է հետաքրքրվել՝ արդյո՞ք մենք միայնակ չենք և կա՞ն արդյոք մեր կողքին վստահելի անձիք, որոնց հետ կարող ենք շփվել և քննարկել մեզ հուզող թեմաների գոնե մի մասը։ Միայնությունը, մեկուսացումը և կյանքում վստահելի անձանց բացակայությունն արդեն խնդիրներ են, որոնք հնարավոր է լուծել հոգեթերապիայի օգնությամբ։

Իսկ այն դեպքերում, երբ այցելուն ունի մի որոշակի խնդիր, որը լուծելու համար դիմել է մասնագետի, պարզապես «լիցքաթափվելը» տարբերակ չէ։ Թերապիայի առաջին հանդիպումների ընթացքում մենք կատարում ենք դիագնոստիկ աշխատանք, փորձում հնարավորինս ճշգրիտ անվանել խնդիրը։ Այցելուի հետ միասին մենք հստակեցնում ենք թերապիայի նպատակները և կազմում այդ նպատակներին հասնելու աշխատանքային պլան։ Հետագա սեանսների տևողության մեծ մասը տրամադրվում է թերապիայի նպատակների շուրջ աշխատելուն։

Այդ աշխատանքը չի սահմանափակվում «մենախոսությամբ»։ Կախված այցելուից կամ խնդրից, հոգեթերապևտը կարող է խոսել սեանսի մինչև 40%-ի ընթացքում։ Մենք կարող ենք ծանոթացնել այցելուին հոգեբանական կոնցեպտների հետ, նկարագրել վերջինիս խնդիրը գիտության տեսանկյունից, բացատրել խնդրի լուծման բնույթը և այլն։ Սեանսների ընթացքում մենք կատարում ենք նաև վարժություններ և գործնական աշխատանքներ։ Այցելուին հանձնարարվում են նաև ինքնուրույն աշխատանքներ, որոնք վերջինս պիտի կատարի սեանսներից դուրս։

Հոգեթերապիայի սեանսների ընթացքում «լիցքաթափվելը» և առօրյա խնդիրներից խոսելը նույնպես բնական է։ Նման դեպքերում թերապևտը կարող է ճշտող հարցերի միջոցով պարզել՝ այցելուն իսկապե՞ս ցանկանում է տրամադրել սեանսի ժամանակն այդ հարցի քննարկմանը, թե՞ առավել օգտակար է համարում թերապիայի նպատակների շուրջ աշխատանքը շարունակելը։ Երբ կոգնիտիվ-վարքային թերապիայի առաջին սեանսների ընթացքում մենք մոտավոր կանխատեսում ենք թերապիայի տևողությունը (օրինակ՝ միջինը 12 սեանս), բնականաբար չենք ներառում նման «լիցքաթափող» հանդիպումները։ Դրանք, կարելի է ասել, ընդմիջում են մեր հիմնական աշխատանքը։

Երբ այցելուն հստակ ձևակերպի իր նպատակները, իսկ մասնագետն իսկապես ի վիճակի լինի կազմակերպել հոգեթերապիան, այցելուի մոտ չի առաջանա այնպիսի զգացում, թե ինքը պարզապես «լիցքաթափվում» է, մինչև խնդիրներն իրենք-իրենց անցնեն։

Հարցին պատասխանեց

Գրիգոր Մուրադյան

Original price was: 10000 AMD.Current price is: 8000 AMD.

Հոգեթերապևտ Գրիգոր Մուրադյանը «Լավ ու Բարի» կայքի հեղինակներից է։ Աշխատում է կոգնիտիվ-վարքային թերապիայի և դրա հիման վրա ստեղծված ժամանակակից այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են «Ընդունման և հանձնառության թերապիան», «Կարեկցանքի շուրջ կենտրոնացած թերապիան» և այլն։ Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, ուշադրության և ինքնակառավարման հետ կապված խնդիրներ, տհաճ կամ անցանկալի հույզերի հետ կապված խնդիրներ, սթրես, նյարդային լարվածություն, տագնապներ և այլն։ Սեղմելով «Դիմել հոգեբանին» կոճակը՝ դուք կմիանաք նրա WhatsApp չատին։

Պահպանել այս էջը