Կոսմետիկ վիրահատությունների ցանկությունն ավելի մեծ է նրանց մոտ, ովքեր ունեն այլոց շահագործելու հակումներ

Սորանի համալսարանի (Իրաքի Քուրդիստան) գիտնականները պարզել են, որ անձնային գծերի «մութ եռյակին» բնորոշ հատկանիշներ ունեցող մարդիկ ավելի դրական են վերաբերվում կոսմետիկ վիրահատություններին։
Հոգեբանները «մութ եռյակ» են անվանում նարցիսիզմը, փսիխոպաթիան և մաքիավելիզմը։ Անձի այս գծերը կապված են այլոց շահագործելու, կարեկցանքի պակասի, մանիպուլյացիայի և շահամոլության հետ։ Դրանց մասին ավելին կարող եք իմանալ՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ։
Ավելի քան 1300 ուսանողների շրջանում գիտնականների կողմից կատարված ուսումնասիրությունն ի հայտ է բերել, որ նմանօրինակ հատկանիշներ ունեցող անձիք ավելի մեծ հավանականությամբ կդիմեն կոսմետիկ վիրահատություն, եթե ունենան դրա հնարավորությունը։
Գիտնականները սա բացատրում են նրանով, որ «մութ եռյակի» գծեր ունեցող մարդիկ ավելի մեծ նշանակություն են տալիս իրենց արտաքինին, ավելի ինքնասևեռված են, ինչպես նաև դիտարկում են արտաքին տեսքն իբրև իրենց նպատակներին հասնելու միջոց։
Սակայն հետազոտողները չեն պնդում, թե կոսմետիկ վիրահատությունների դիմող բոլոր մարդիկ «մութ եռյակի» գծեր ունեն։ Մարդկանց՝ արտաքինը փոխելու որոշումների վրա ազդում են նաև բազմաթիվ այլ գործոններ՝ անձնական նախասիրությունները, մշակույթը, կյանքի փորձը և առողջական կարիքները։








