ՄԵՆՅՈւ

Հոգեբան Աննա Ասոյանը՝ միջին տարիքի ճգնաժամի մասին

Միջին տարիքի հոգեբանական առանձնահատկությունների մասին խոսելիս՝ ամենից հաճախ հիշատակվող երևույթներից է «միջին տարիքի ճգնաժամը»։ Ապացուցված է, որ մարդկանց 10-20 տոկոսն անցնում է դրան բնորոշ հոգեբանական փոփոխությունների միջով։ Նրանցից շատերն հաջողությամբ հարմարվում են նոր ի հայտ եկած հանգամանքներին, մյուսներն էլ, սակայն, դժվարանում են ինքնուրույն հաղթահարել ճգնաժամային այդ փուլը։ «Լավ ու Բարին» միջին տարիքի ճգնաժամի, դրա առանձնահատկությունների և հաղթահարման մասին զրուցել է հոգեբան Աննա Ասոյանի հետ։

Տիկին Ասոյան, մեր ընթերցողների համար կհստակեցնեք՝ ի՞նչ է միջին տարիքի ճգնաժամը և ինչպե՞ս կարող ենք հասկանալ, որ անցնում ենք դրա միջով։

Միջին տարիքի ճգնաժամը հուզական վիճակ է, որն անձն ապրում է 30-50 տարեկան հասակում։ Այն անձի զարգացման ևս մեկ փուլ է համարվում։ Սակայն կցանկանայի նշել, որ պարտադիր չէ, որ այն ուղղորդվի հուզական խիստ տհաճ զգացումներով։ Կյանքի այս փուլում ոչ բոլորն են նման զգացումներ ունենում։ Ճգնաժամի տարիքային շեմը նույնպես շատ անհատական է՝ մեկի մոտ դրան բնորոշ երևույթները կարող են ի հայտ գալ 30 տարեկանում, մեկ ուրիշի մոտ՝ 45-ում, 50-ում։ Միջին տարիքի ճգնաժամը հիմնականում կապում են կյանքի վերաիմաստավորման, վերագնահատման գործընթացի հետ։ Այդ գործընթացի ժամանակ անձը անհամապատասխանություն է զգում իր սոցիալապես կայացած եսի, «իդեալական եսի» և իրական եսի միջև, ինչի արդյունքում կարող է զգալ հիասթափություն, ափսոսանք, տխրություն, զղջում, միայնության զգացում, մասնագիտական այրում և այլն։ Եթե նկատում եք, որ վերը նշված բացասական հույզերը գերակշռում են ձեր առօրյա կյանքում, ապա հնարավոր է, որ անցնում եք միջին տարիքի ճգնաժամի միջով։

Ի՞նչը կարող է միջին տարիքի ճգնաժամի պատճառ հանդիսանալ։

Միջին տարիքի ճգնաժամի պատճառ կարող են հանդիսանալ ֆիզիոլոգիական փոփոխությունները, որոնք անխուսափելի են, օրինակ՝ առողջության վատթարացումը կամ հանկարծակի հիվանդությունները։ Միջին տարիքի ճգնաժամի պատճառ կարող է լինել նաև այն գիտակցումը, որ մենք հավերժ չենք ապրելու և այլևս երիտասարդ չենք։ Ընտանեկան որոշակի փոփոխություններ, որոնցից է երեխաների՝ սեփական ընտանիք կառուցելու նպատակով՝ տանից հեռանալը, որը նաև «դատարկ բույնի» զգացում են անվանում։ Ճգնաժամի պատճառ կարող է լինել նաև մասնագիտական այրումը։

Կարո՞ղ է արդյոք միջին տարիքի ճգնաժամը օգուտ ունենալ։

Իհարկե կարող է։ Մասնագետները կարծում են, որ միջին տարիքում կայացրած որոշումներն ավելի կայուն են և գիտակցված, քանի որ տարիքի հետ մենք կայանում ենք, դառնում ավելի գիտակից և կյանքի փորձ ձեռք բերում։ Ինչպես արդեն նշեցի՝ միջին տարիքի ճգնաժամը կյանքի վերաիմաստավորման և վերագնահատման գործընթաց է, որի արդյունքում անձն արժեքների վերադասավորում է կատարում։ Այս տարքիում է, որ շատերս կարող ենք կտրուկ փոփոխություններ կատարել մեր մասնագիտական կյանքում, ընտանեկան կյանքում, ընկերական շրջապատում և կյանքի մյուս բոլոր ոլորտներում։ Ընդ որում՝ միջին տարիքում նմանօրինակ փոփոխությունները սպոնտան չեն՝ դրանք կատարվում են գիտակցված կերպով և որոշակի վերագնահատման արդյունքում։

Ի՞նչ անենք, երբ միջին տարիքի ճգնաժամը բացասական ազդեցություն է ունենում մեզ վրա։

Լինում են դեպքեր, երբ մենք ինքնուրույն չենք կարողանում հաղաթահարել ճգնաժամի պատճառով առաջացող հուզական վիճակները կամ փոփոխությունները․ վերաիմաստավորման, սեփական անձին կարեկցանք ցուցաբերելու փոխարեն՝ քննադատելով ինքներս մեզ։ Դա կարող է ճգնաժամի խորացման պատճառ դառնալ։ Պիտի նշեմ, սակայն, որ բարդություններն ինքնուրույն հաղաթահարելու անկարողությունն ինքնին չի խոսում մեր թույլ լինելու մասին։ Պարզապես շատ հաճախ մեր բացասական հուզերը խանգարում են կողմնակի աչքով նայել ինքներս մեզ՝ սթափ և օբյեկտիվ գնահատելով իրավիճակը։ Նման դեպքերում ես խորհուրդ կտայի առաջին հերթին զրուցել հասակակից ընկերների կամ զուգընկերոջ հետ։ Այդպիսով դուք կարող եք հասկանալ, որ դուք միակը չեք, որ նման հուզական ապրումներ եք ունենում։ Այլ՝ առավել բարդ կառավարվող խնդիրների դեպքում, իհարկե, խորհուրդ կտայի օգտվել հոգեբանի ծառայություններից։

Ինչպե՞ս վարվել, երբ մեր մտերիմներից մեկի կյանքում ճգնաժամային փուլ է։

Փորձեք լինել համբերատար, լսել նրան, եթե նա ունի դրա կարիքը (երբեմն մեզ պարզապես պետք է մեկը, ով կլսի և կհասկանա)։ Ըմբռնումով մոտեցեք հուզական պոռթկումներին, քանի որ այդ պոռթկումները հիմնականում լինում են ոչ գիտակցաբար։ Եվ, իհարկե, խորհուրդ տվեք քննարկել խնդիրները մասնագետի հետ։ Արեք դա չափազանց նրբանկատորեն և զգույշ, որպեսզի չվիրավորեք կամ ավելի չբարդացնեք նրա առանց այդ էլ խոցելի վիճակը։

Ինչո՞վ այս հարցում կարող է օգտակար լինել հոգեբանը և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հոգեթերապիան։

Հոգեբանը նախ կօգնի ձեզ հասկանալ և ճանաչել ձեր հույզերը և կարգավորել ձեր միտքը։ Հոգեբանի օգնությամբ դուք կհասկանաք, թե ինչ է կատարվում ձեզ հետ միջին տարիքի ճգնաժամի փուլում։ Մեզ առավել հաճախ անհանգստացնում և վախեցնում են ոչ թե բացասական մտքերը և հույզերը, այլ այն, որ չենք հասկանում, թե որտեղի՞ց և ինչու՞ են դրանք առաջանում։ Հոգեթերապիայի ընթացքում մենք կարող ենք ճանաչել մեր մտքի առանձնահատկությունները և այն հոգեբանական փոփոխությունները, որոնք կրում ենք միջին տարիքում։ Թերապիայի ընթացքում մենք նաև սովորում ենք կիրառել մի շարք հոգեբանական տեխնիկաներ, որոնք օգնում են միջին տարիքի ճգնաժամին բնորոշ խնդիրների հաղաթահարման հարցում։

Աննա Ասոյան

Original price was: 10000 AMD.Current price is: 5000 AMD.

Հոգեբան Աննա Ասոյանը «Լավ ու Բարի» կայքի հեղինակներից է։ Ի թիվս այլ հրապարակումների, նա հեղինակել է հոդվածներ միայնության, միջին տարիքի ճգնաժամի, խանդի և այլ թեմաներով։ Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, միջին տարիքին բնորոշ անհանգստություն, ինչպես նաև միայնության զգացում, սթրես, նյարդային լարվածություն և այլն։ Սեղմելով «Դիմել հոգեբանին» կոճակը՝ դուք կմիանաք նրա WhatsApp չատին։

Պահպանել այս էջը
Լավ ու Բարի
Լավ ու Բարի

Հոգեբանություն թեմայով ամենալավ ու բարի կայքը։