ՄԵՆՅՈւ

Ինչ անեմ, որ իմ ծնողներն ընդունեն այն տղային, որի հետ հարաբերություններ եմ կազմել։ Նրանք շատ դեմ են, բայց ես սիրում եմ այդ տղային, նա էլ՝ ինձ։

Հարգելի ընթերցող, մեզ համար կարևոր անձանց միջև առկա անհամաձայնություններն ու կոնֆլիկտներն առաջին հերթին իրենց անմիջական ազդեցությունն են թողնում հենց մեր՝ երկու կողմերի միջև գտնվողներիս վրա։ Ամենից կարևոր քայլն այս դեպքում սեփական հուզական և մտավոր բարեկեցության մասին հոգ տանելն է։
Ինչպիսին էլ լինեն Ձեր ծնողների և զուգընկերոջ հարաբերությունները, դուք նախ և առաջ պիտի հիշեք, որ պարտավոր չեք ընտրություն կատարել։ Եթե Ձեզ համար թանկ են թե՛ ծնողների և թե՛ Ձեր զուգընկերոջ հետ հարաբերությունները, զգացնել տվեք նրանց այդ մասին։ Առանց պաշտպանական դիրք զբաղեցնելու կամ կոնֆլիկտի մեջ ներգրավվելու, տեղեկացրեք ձեր ծնողներին, որ մտադրված եք առողջ հարաբերություններ պահպանել թե՛ իրենց, թե՛ ձեր ընտրյալի հետ։

Մի հակադրեք երկու կողմերին իրար և մի համեմատեք իրար հետ («նա ինձ հասկանում է, իսկ դուք՝ ոչ»)։ Այդպիսով դուք միայն խորացնելու եք կողմերի միջև առկա հակասությունները։ Երբ ձեր ծնողները քննադատում են ձեր սիրելիին, վերջինիս պաշտպանելու փոխարեն, կենտրոնացեք սեփական ապրումների վրա և նկարագրեք դրանք ձեր ծնողներին («ինձ տխրեցնում է այն, որ չեք ուզում շփվել նրա հետ», «ինձ համար շատ ցավալի է լսել այս ամենը», «շատ կուզեի, որ դուք իրար հետ լեզու գտնեիք»)։

Խուսափեք գաղտնապահությունից։ Անգամ այն դեպքերում, երբ ծնողները կարող են խոչընդոտել սիրելիի հետ ձեր շփմանը, ձգտեք թափանցիկության։ Փորձեք քննարկել ձեր անձնական հարաբերությունները գոնե ծնողներից մեկի հետ։ Անհարկի գաղտնապահությունը կարող է տպավորություն ստեղծել, թե դուք իսկապես այնպիսի մի բան եք անում, որն անհրաժեշտ է թաքցնել։

Լսե՛ք ձեր ծնողներին։ Որքան ուժգին էլ որ լինեն ձեր զգացմունքները, փորձեք լինել օբյեկտիվ։ Խոսեք ձեր ծնողների հետ և լսեք ձեր ընտրյալի հետ կապված նրանց մտավախությունները։ Քննարկեք դրանք այլ վստահելի անձանց՝ բարեկամների, ընկերների կամ հոգեթերապևտի հետ։ Այն դեպքում, երբ ձեր ծնողների մտավախություններն օբյեկտիվ են, քննարկեք դրանք նաև ձեր սիրելիի հետ։ Համոզվեք, որ նա նույնպես ցանկանում է աշխատել ձեր հարաբերությունների շուրջ և չի արդարացնելու իր հետ կապված բացասական սպասումները։

Հնարավորության դեպքում աշխատեք հոգեբանի հետ։ Հիշեք, որ չկան այնպիսի խորհուրդներ, որոնք հավասարապես կհամապատասխանեն բոլոր մարդկանց կամ բոլոր իրավիճակներին։ Հոգեթերապևտի հետ դուք կարող եք մանրամասն ուսումնասիրել հենց ձե՛ր խնդիրը և միասին շարժվել դրա լուծման ուղղությամբ։

Պահպանե՛ք այս էջը
Գրիգոր Մուրադյան
Գրիգոր Մուրադյան

Հոգեթերապևտ Գրիգոր Մուրադյանը «Լավ ու Բարի» կայքի խմբագիրն է։ Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք տհաճ կամ անցանկալի հույզերի հետ կապված խնդիրներ, ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, ուշադրության և ինքնակառավարման հետ կապված խնդիրներ, սթրես, նյարդային լարվածություն, տագնապներ և այլն։

Մասնագետն աշխատում է կոգնիտիվ-վարքային թերապիայի և դրա հիման վրա ստեղծված ժամանակակից այլ մեթոդներով։ Տրամադրում է նաև ուղղորդվող ինքնօգնության ծառայություն։