Ճշմարի՞տ է արդյոք երազների հոգեբանական մեկնաբանությունը

Երազներն ուղեղի՝ քնի ընթացքում տեղի ունեցող աշխատանքի արդյունքն են։ Քնի ընթացքում մեր գլխուղեղը պարզապես չի «անջատվում», այլ շարունակում է ակտիվորեն մշակել օրվա ընթացքում ստացված տեղեկությունները, հիշողություններն ու տպավորությունները։ Երազներ տեսնելը բնական երևույթ է և հանդիպում է գրեթե բոլոր մարդկանց մոտ, նույնիսկ եթե նրանք առավոտյան չեն հիշում, թե ինչ են տեսել։ Երազները բաղկացած են պատկերներից, մտքերից և հույզերից, այսինքն՝ այն ամենից, ինչ մեր ուղեղն «արտադրում է» նաև արթուն վիճակում։

Երազներն առաջանում են անկախ մեր կամքից՝ ուղեղի բնականոն աշխատանքի արդյունքում։ Քանի որ մենք չենք կարող կանխորոշել դրանց բովանդակությունը կամ ցանկացած պահի փոխել այն, երազները հաճախ թվում են անսպասելի, երբեմն էլ՝ տարօրինակ ու դժվար հասկանալի։ Երազների վրա անձնական ներգործություն չունենալու, դրանք չկառավարելու պատճառով կարող է տպավորություն ստեղծվել, թե դրանք օտարածին են, ունեն մեզանից դուրս ինչ-որ աղբյուր կամ փոխանցում են որևէ այլ աղբյուրից եկող տեղեկատվություն։

Սակայն ժամանակակից գիտությանն հայտնի չէ որևէ եղանակ, որով մեր երազները կարող են ստեղծվել կամ փոխանցվել «դրսից»։ Մեր երազների միակ հայտնի աղբյուրը մեր սեփական ուղեղն է, որն ասես կազմում է տարատեսակ սյուժեներ արդեն իսկ ունեցած տվյալների կտորներից։ Նման տվյալներ կարող են լինել վաղ մանկության հիշողությունները, վերջերս տեղի ունեցած իրադարձությունները, հատվածներ կարդացած գրքերից, ֆիլմերի տեսարաններ կամ նույնիսկ շատ կարճ ակնթարթներ, որոնց արթուն ժամանակ գրեթե ուշադրություն չենք դարձրել։ Մեր գլխուղեղը կարող է անսպասելի կերպով միավորել այդ ամենը՝ ստեղծելով երբեմն անհավանական, բայց ներքին տրամաբանություն ունեցող պատմություններ։ Այսինքն՝ մենք չենք կարող տեսնել երազում այն, ինչ մեկ անգամ արդեն չենք տեսել (կամ լսել) իրական կյանքում։

Թեև արթուն ժամանակ մենք կարող ենք ընտրովի մոտենալ սեփական մտքերին՝ աշխատելով չմտածել որևէ բանի մասին կամ շեղելով ուշադրությունն անցանկալի թեմաներից, երազներում նման կամային ջանքերն անհնար են։ Այդպիսով՝ մեր երազներում հաճախ հայտնվում է այն, ինչ ճնշվում է արթմնության մեջ։ Սակայն դա չի նշանակում, որ յուրաքանչյուր նման դրվագ պետք է դիտարկել որպես գաղտնի ցանկության կամ ճշգրիտ հոգեբանական ազդանշանի արտահայտություն։ Մեծ մասամբ գլխուղեղն ընդամենը միավորում է տարատեսակ տվյալներ՝ առանց դրանց հատուկ կամ կանխամտածված նշանակություն տալու։ Երազների նմանատիպ՝ «չգրաքննված» բնույթը, թեև կարող է զգալի անհարմարություն պատճառել, իրականում մեզ համար որևէ վտանգ չի ներկայացնում։

Չնայած գիտնականները դեռևս չունեն միասնական պատասխան այն հարցին, թե ինչու ենք մենք երազ տեսնում, բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ երազները բնական և առողջ քնի անբաժանելի մասն են։ Հետևաբար նույնիսկ ամենատարօրինակ կամ անհանգստացնող երազը ինքնին հիմք չէ ենթադրելու, թե այն մարգարեական է կամ պարունակում է մեզ համար դրսից ուղարկված հաղորդագրություն։ Ներկայումս առկա գրեթե բոլոր գիտական տեսություններն համաձայն են մեկ հարցում՝ մեր երազներն հայտնվում են պատահականության սկզբունքով և արտացոլում են միայն մեր սեփական ներաշխարհը՝ մեր երազանքները, մտադրությունները, ենթադրությունները և այլն։ Դրանք չեն կարող իրապես բացահայտել այլ անձանց ապրումները կամ իրադարձություններ, որոնք դեռևս տեղի չեն ունեցել (բացառությամբ այն իրադարձությունների, որոնք մենք մտադրվում ենք անձամբ իրականացնել)։

Ժամանակակից ապացուցահեն հոգեբանությունը չի ընդունում, թե գոյություն ունի երազները բացատրելու մի ընդհանուր համակարգ։ Անգամ եթե երկու մարդ ճիշտ նույն երազն են տեսել, յուրաքանչյուրի մոտ այն կարող է առաջանալ բոլորովին այլ պատճառներով։ Այսինքն՝ չկա երազում տեսած երևույթները բացատրելու որևէ համընդհանուր եղանակ, որի ճշմարտացիությունն ապացուցված է գիտական ճանապարհով։ Ժամանակակից հոգեբանության և հոգեթերապիայի մեջ երազների մեկնությունը չի կիրառվում որպես ախտորոշման կամ եզրակացություններ կատարելու հիմք։

Պահպանե՛ք այս հոդվածը
guest
Կարծիք
0 Մեկնաբանություն
Նախ լավերը
Նախ նորերը Նախ հները