Հոգեբանությունը ոչ միայն գիտություն է, այլև ուղեցույց՝ ինքնաճանաչման, անձնային աճի և միջանձնային հարաբերությունների բարելավման համար։ Աշխարհի առաջատար հոգեբաններն ու հեղինակները մշտապես առաջարկում են գրքեր, որոնք օգնում են մեզ հասկանալ սեփական մտքերը, վարքագիծը և հույզերը։ Այս հոդվածում ներկայացնում ենք 10 հոգեբանական գիրք, որոնք արժանի են ձեր ուշադրությանը՝ հիմնվելով ոլորտի մասնագետների առաջարկությունների վրա։
Ատոմային սովորություններ, Ջեյմս Քլիըր

Փորձու՞մ եք ազատվել վատ սովորություններից: Փորձում եք ձեռք բերել այնպիսի սովորություններ, որոնք դրական փոփոխություններ կբերեն ձեր կյանք, սակայն դժվարանու՞մ եք դրանք պահպանել: «Ատոմային սովորություններ» գրքում Ջեյմս Քլիըրը պնդում է, որ ճիշտ սովորությունների ձեռքբերումը կտրուկ կբարելավի մեր կյանքը, սակայն դրան հասնելու համար մենք նախ պիտի հասկանանք, թե ինչպես են գործում սովորությունները և ինչպես մենք կարող ենք դրանք փոխել: Այստեղ դուք կբացահայտեք, թե ինչու են սովորությունները կարևոր և կծանոթանաք երեք մտածելակերպի, որոնք կարող եք օգտագործել նոր սովորություններ ձեռք բերելու համար: Այնուհետև դուք կսովորեք, թե ինչպես են ձևավորվում սովորությունները և կստանաք ձեր սովորությունները փոխելու չորս բանալիներ: Ի վերջո, դուք կսովորեք, թե ինչպես շարունակաբար բարելավել ձեր նոր ձեռք բերած սովորությունները:
Գիրքը հասանելի է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։
Ջեյմս Քլիըրը տարիներ է անցկացրել՝ կատարելագործելով սովորությունների արվեստը և ուսումնասիրելով սովորությունների մասին գիտությունը: Այս գրավիչ, գործնական գիրքն այն ուղեցույցն է, որն անհրաժեշտ է վատ օրակարգերը խախտելու և դրանք լավը դարձնելու համար:
Ադամ Գրանտ, «Մտածիր կրկին» գրքի հեղինակը
Հեղինակի մասին
Ջեյմս Քլիըրը գրող և բանախոս է, որը կենտրոնանում է սովորությունների, որոշումների կայացման և շարունակական կատարելագործման շուրջ: Ողջ աշխարհում վաճառվել է նրա «Ատոմային սովորություններ» գրքի ավելի քան 5 միլիոն օրինակ։ Այն թարգմանվել է 50-ից ավելի լեզուների։ Նրա հանրաճանաչ «3-2-1» կոչվող էլփոստով ուղարկվող բաժանորդագրությունն ամեն շաբաթ ստանում են մեկ միլիոնից ավելի մարդիկ։
Հաստատակամություն, Էնջելա Դաքվորթ

Շատ հաջողակ առաջնորդներ և գործարարներ հանրության կողմից ընկալվում են իբրև «մեծ հանճարներ», սակայն հոգեբան Էնջելա Դաքվորթը պնդում է, որ տաղանդն ու խելքը ավելի քիչ նշանակություն ունեն հաջողության համար, քան հաստատակամությունը՝ անձնային գիծը, որն ընկած է համառության, հետևողական աշխատանքի և նպատակների սահմանման հիմքում։ «Հաստատակամություն» գրքում նա ուսումնասիրում է, թե որտեղից է ծագում այդ հատկությունը, ինչպես է այն հանգեցնում հաջողության և ինչպես մենք կարող ենք այն զարգացնել։ Դաքվորթն առաջին հերթին հետաքրքրված է այն հարցով, թե ինչպես դաստիարակել հաստատակամ երեխաներ։ 2016 թվականին գրքի հրատարակումից ի վեր նրա գաղափարները ողջ աշխարհում ոգեշնչել են բազմաթիվ ծնողների և մանկավարժների: Այնուամենայնիվ, նա համարում է, որ մեծահասակները նույնպես կարող են զարգացնել հաստատակամությունը, և առաջարկում է դրան հասնելու կոնկրետ և չափելի եղանակներ: Նրա աշխատանքը բանավեճեր է բորբոքել այն մասին, թե ինչն է առավել կարևոր՝ տաղանդը, թե ջանքերը:
Գիրքը հասանելի է՝ անգլերեն, ռուսերեն։
Թարմ է և յուրօրինակ: «Հաստատակամությունը» վերացնում է նախապաշարմունքներն այն մասին, թե որքան հեռու կարող է մեզ տանել մեր ներուժը: Այս գիրքը լուծում է այն հանելուկը, թե ինչպես են հաջողության հասնում նրանք, ովքեր կարծես թե չպիտի կարողանային անել դա: Գնեք այս գիրքը, ուղարկեք այն ձեր ընկերներին և պատմեք աշխարհին, որ իսկապես հույս կա, թե մենք բոլորս շլացուցիչ հաջողության հասնելու հնարավորություն ունենք:
Սյուզան Քեյն, «Քաղցր դառնություն» գրքի հեղինակը
Հեղինակի մասին
Էնջելա Դաքվորթը Փենսիլվանիայի համալսարանի հոգեբանության դոցենտ է և նույն համալսարանում ստեղծված «Բնավորության լաբորատորիայի» հիմնադիրը: Նա փորձագետ է IQ-ի հետ չկապված կարողությունների, այդ թվում՝ հաստատակամության և ինքնատիրապետման ոլորտում: Նա պահանջված միջազգային բանախոս է, ում TED զրույցը դիտվել է ավելի քան 10 միլիոն անգամ:
Ազատված բանականություն, Սթիվըն Հեյզ

Այս առանցքային գրքում Ընդունման և հանձնառության թերապիայի (ACT) հիմնադիր և առաջամարտիկ հետազոտողը ներկայացնում է հոգեբանական ճկունության հմտությունները, որոնք այդ թերապևտիկ մոտեցումը դարձնում են գիտականորեն ապացուցված ամենից արդյունավետ մոտեցումներից մեկը։ Փաստարկված է, որ այս հմտություններն օգնում են նույնիսկ այն դեպքերում, երբ այլ մոտեցումները չեն հաջողվում: Ինչպե՞ս է օգնում հոգեբանական ճկունությունը: Մենք դժվարությունների առաջ ենք կանգնում, քանզի մեր խնդիրներ լուծող միտքը հուշում է, որ փախչենք այն ամենից, ինչը մեզ վախ և ցավ է պատճառում: Սակայն մեզ ցավեցնում է հենց այն, ինչ կարևոր է մեզ համար։ Եթե մենք ցանկանում ենք խուսափել խեցելիության զգացումից, մենք նաև պիտի խուսափենք այն ամենից, ինչ կարևորում ենք։ Սովորելով, թե ինչպես ազատել մեզ՝ մենք կարող ենք ապրել իմաստալից և նպատակաուղղված կյանքով։ Թեկուզ սա պարզ գաղափար է, սակայն դրան դիմադրություն են ցույց տալիս են մեր բնազդներն ու ներքին ծրագրավորումները։ Ճկունության հմտություններն հակազդում են այդ արմատացած միտումներին: Սթիվըն Հեյզը ցույց է տալիս, որ երբ թույլ ենք տալիս մեզ իրապես ազատ զգալ և իրապես ազատ մտածել՝ կարողանում ենք մեզ համար էական նպատակների ճանապարհով շարժվելու հանձնառություն ստանձնել։ Վերջապես, մենք կարող ենք ապրել այնպիսի կյանքով, որն արտացոլում է այն արժեքները, որոնք կարևորում ենք:
Գիրքը հասանելի է՝ անգլերեն, ռուսերեն։
Մենք կարող ենք ապրել՝ խուսափելով մեզ ցավ պատճառող մտքերից և զգացմունքներից: Սակայն Սթիվըն Հեյզը դարձել է առաջատար իր ոլորտում՝ հասկանալով, որ այն, ինչ մեզ ցավ է պատճառում, իրականում այն է, ինչի մասին մենք հոգ ենք տանում: Սովորելով օգտագործել հոգեբանական ճկունությունը՝ մենք կարող ընտրել հարստությամբ և իմաստով ապրելու դժվարին ուղին:
Սյուզան Դեվիդ, «Հուզական ճկունություն» գրքի հեղինակը
Հեղինակի մասին
Սթիվըն Հեյզը գիտությունների թեկնածու է և հոգեբանության պրոֆեսոր Նևադայի համալսարանում: Նա քառասուներեք գրքի և ավելի քան վեց հարյուր գիտական հոդվածների հեղինակ է: Հեյզը նախաձեռնել է Ընդունման և հանձնառության թերապիայի (ACT) և Հարաբերական կառուցվածքի տեսության (RFT) մշակումը։ Վերջինս այն կոգնիտիվ մոտեցումն է, որի վրա հիմնված է Ընդունման և հանձնառության թերապիան:
Դուք չեք լսում, Քեյթ Մըրֆի

Երբևէ նկատե՞լ եք, որ զրույցի ընթացքում հանկած հասկանում եք, որ չէիք լսում։ Դուք միայնակ չեք։ Իր «Դուք չեք լսում» գրքում առողջության, գիտության և տեխնոլոգիաների թեմաներով զբաղվող լրագրող Քեյթ Մըրֆին քննարկման է դնում այն հարցը, որ մեր հասարակություններում լսելու հմտությունները սկսել են անհետանալ։ Նա պնդում է, որ դա ունի իր աղետալի ազդեցությունը, քանի որ արդյունավետ ունկնդրումը գտնվում է առողջ հարաբերությունների, անձնային աճի և սոցիալական համագործակցության հիմքում: Այս գրքում դուք կգտնեք, թե ինչպես կարող եք դառնալ ավելի լավ և ավելի արդյունավետ ունկնդիր։ Դուք կուսումնասիրենք արդյունավետ ունկնդրման ճանապարհին հանդիպող խոչընդոտները և կսովորեք, թե ինչպես կարելի է դրանք հաղթահարել: Ինչպես նաև կտեսնեք, թե ինչպես է ֆոնային աղմուկը խանգարում խոսակցություններին, ինչպես կարող է ինքնարտահայտումը նվազեցնել ձեր պատկանելության զգացումը և ինչու է երբեմն ավելի հեշտ լսել բոլորովին անծանոթ մարդկանց, քան ձեր ընտանիքի անդամներին:
Գիրքը հասանելի է՝ անգլերեն, ռուսերեն։
Եթե դուք նման եք մարդկանց մեծամասնությանը, ապա զրույցի ընթացքում չեք լսում այնքան հաճախ կամ այնքան լավ, որքան կցանկանայիք: Տաղանդավոր լրագրողից ավելի լավ ոչ ոք չէր կարող պատմել ճիշտ մտածելակերպի և հմտությունների մասին։ Այս գիրքն անում է դա գիտության և հումորի օգնությամբ:
Ադամ Գրանտ, «Մտածիր կրկին» գրքի հեղինակը
Հեղինակի մասին
Քեյթ Մըրֆին լրագրող է Հյուսթոն քաղաքից (Թեքսաս նահանգ), ով հոդվածներ է հեղինակել New York Times-ի, Economist-ի, Agence France-Presse-ի և Texas Monthly-ի համար:
Գուցե խոսես մեկի հետ, Լորի Գոթլիբ

«Գուցե խոսե՞ս մեկի հետ» գիրքը հոգեթերապևտ և գրող Լորի Գոթլիբի հուշագրությունն է: Նա պատմում է իր երկարամյա զուգընկերոջ հետ հանկարծակի բաժանումից հետո սկսված կյանքի դժվարին պահերի մասին: Իրեն չափազանց վշտեցրած այդ միջադեպից հետո Լորին որոշում է ի՛նքն էլ դիմել հոգեթերապևտի օգնությանը։ Այս գիրքը Լորիի թերապիայի պատմությունն է՝ միահյուսված ի՛ր իսկ այցելուների պատմությունների հետ։ Թեև նրանք բախվել են տարբեր իրավիճակների, նրանց ընդհանուր պայքարը և այն, թե ինչպես են հաղթահարում խնդիրները, արտացոլում են մարդկային համընդհանուր փորձառությունները: Լորին փաստացի ասում է, որ հոգեթերապևտների արդյունավետության պատճառն այն է, որ նրանք անցնում են միևնույն խնդիրների միջով: Երբ Լորին և նրա հաճախորդները միասին աշխատում են մտավոր առողջության բարելավման և փոխըմբռնման ձեռքբերման ուղղությամբ, նրանք վերհիշում են իրենց անցյալն ու այն, թե ինչպես են հայտնվել այնտեղ, որտեղ գտնվում են, և մտածում ապագայի մասին, որը կցանկանային ունենալ:
Գիրքը հասանելի է՝ անգլերեն, ռուսերեն։
Եթե թեկուզ փոքր ինչ հետաքրքրված եք թերապևտիկ գործընթացով կամ մարդու էության առեղծվածով, պիտի անպայման կարդաք այս գիրքը: Այն իմաստուն է, ջերմ, խելացի և զվարճալի։ Լորի Գոթլիբը չափազանց լավ ընկերակից է:
Սյուզան Քեյն, «Քաղցր դառնություն» գրքի հեղինակը
Հեղինակի մասին
Լորի Գոթլիբը հոգեթերապևտ է և New York Times-ի բեսթսելլեր դարձած «Գուցե խոսես մեկի հետ» գրքի հեղինակը։ Նրա աշխատությունը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով։ Ներկայումս դրա հիման վրա նկարահանվում է հեռուստասերիալ։ Ի լրումն իր կլինիկական պրակտիկայի, նա հանդիսանում է հանրահայտ «Հարգելի հոգեթերապևտներ» փոդքասթի համահեղինակ և հեղինակում է The Atlantic-ի «Հարգելի հոգեթերապևտ» խորհուրդների սյունակը: Նրա TED զրույցը դարձել է տարվա ամենադիտված 10 զրույցներից մեկը:
Անդրանցում, Սքոթ Բերրի Քոֆման

Դուք հավանաբար լսել եք Աբրահամ Մասլոուի մարդկային պահանջմունքների հիերարխիայի մասին, որը սովորաբար ներկայացվում է բուրգի տեսքով։ Այդտեղ Մասլոուն ներկայացնում է այն հիմնական պահանջները, որոնք մարդիկ պետք է բավարարեն՝ իրենց ողջ ներուժն օգտագործելու համար: «Անդրանցում» գրքում հոգեբան Սքոթ Բերրի Քոֆմանը պնդում է, որ պահանջմունքների բուրգի մասին Մասլոուի գաղափարներն հիմնականում սխալ են ընկալվում։ Նա առաջ է քաշում մի թարմ տեսակետ, որն ավելի համահունչ է ժամանակակից գիտությանը և Մասլոուի աշխատանքին: Քոֆմանը բաժանում է կարիքների իր նորացված հիերարխիան երկու խմբի՝ անվտանգություն և աճ։ Նա ուսումնասիրում է այն, թե ինչպես մենք կարող ենք բավարարել մեր պահանջմունքները և իրացնել մեր ողջ ներուժը։ Այնուհետև նա ներկայացնում է, թե ինչպես մենք կարող ենք գերազանցել մեր անձնական պահանջմունքները՝ միաժամանակ բավարարելով դրանք և դուրս գալով դրանց սահմաններից անդին:
Գիրքը հասանելի է՝ անգլերեն, ռուսերեն։
Սա այն գիրքն է, որին բոլորս սպասում էինք։ Այն, առնվազն, մարդկության նոր, ցնցող հոգեբանությունն է։ Քոֆմանը ցույց կտա ձեզ, թե ինչպես լիարժեքորեն ապրել ձեր կյանքը՝ միևնույն ժամանակ աջակից լինելով նաև այլոց։
Սյուզան Քեյն, «Քաղցր դառնություն» գրքի հեղինակը
Հեղինակի մասին
Սքոթ Բերրի Քոֆմանը գիտությունների դոկտոր է, հումանիստական հոգեբան, ով դասավանդել է Կոլումբիայի համալսարանում, Փենսիլվանիայի համալսարանում և այլուր: Գիտությունների դոկտորի իր կոչումը նա ստացել է Յեյլի համալսարանի կոգնիտիվ հոգեբանության ֆակուլտետից, իսկ փորձարարական հոգեբանության մագիստրոսի կոչումը՝ Քեմբրիջի համալսարանից: Նա վարում է The Psychology Podcast-ը, որը լսել են ավելի քան 10 միլիոն անգամ։ 2015 թվականին Business Insider պարբերականի կողմից նա ճանաչվել է «Աշխարհի մասին մեր պատկերացումները փոխող 50 բեկումնային գիտնականներից մեկը»:
Քաղցր դառնություն, Սյուզան Քեյն

Դուք նախընտրու՞մ եք տխուր երգեր լսել: Դուք փնտրու՞մ եք գեղեցկություն առօրյա կյանքում: Եթե այո, ապա դուք կարող եք հակված լինել քաղցր դառնության որոնման։ «Քաղցր դառնություն» գրքում Սյուզան Քեյնն այս հոգեվիճակը սահմանում է իբրև միաժամանակ զգացվող ուժգին ուրախության, տխրության և թախծի վիճակ: Նա պնդում է, որ մենք կարող ենք ավելի մեծ իմաստ և իմաստություն գտնել կյանքում, երբ ընդունում եք քաղցր դառնությունը, անգամ եթե ի բնե չունենք նման նախատրամադրվածություն: Իր գրքում նա անդրադառնում է քաղցր դառնության տարբեր կողմերին՝ սկսած սիրո և պատկանելության մեր կարիքից, ընդգծում է տխրության դերակատարումը էմպաթիայի և ստեղծագործականության ծագման մեջ, ուսումնասիրում, թե ինչպես կարող է կյանքի անկայունության գիտակցումն օգնել մեր հարաբերություններում և առօրյա կյանքում ավելի խորը իմաստ գտնել:
Գիրքը հասանելի է՝ անգլերեն, ռուսերեն։
Սյուզան Քեյնի «Քաղցր դառնությունը» գրավում է սիրտդ և այլևս չի հեռանում այնտեղից: Գիրքն ավարտելուց հետո ես ամեն օր մտածում էի Քեյնի հետազոտության և պատմվածքի խորության ու գեղեցկության մասին: Ես միշտ երախտապարտ կլինեմ այն բանի համար, թե որքան են նրա «Հանգիստները» և «Քաղցր դառնությունն» օգնել ինձ սեփական անձն ու աշխարհի հետ հարաբերությունները հասկանալու հարցում:
Բրենե Բրաուն, «Խոցելիության ուժը» գրքի և «Սրտի ատլաս» սերիալի հեղինակը
Հեղինակի մասին
Սյուզան Քեյնը հայտնի խոսնակ է և գրական մրցանակների արժանացած «Հանգիստ ուժ», «Հանգիստ օրագիր» և «Հանգիստները» գրքերի հեղինակը: Նրա՝ քառասունից ավելի լեզուների թարգմանված «Հանգիստները» գիրքը ներառվել է լավագույն գրքերի բազմաթիվ ցուցակներում, ավելի քան յոթ տարի մնացել New York Times-ի բեսթսելլերների ցանկում: Ինտրովերտների ուժի մասին նրա TED զրույցը դիտվել է ավելի քան քառասուն միլիոն անգամ:
Մտածիր կրկին, Ադամ Գրանտ

Բանականությունը սովորաբար դիտվում է որպես մտածելու և սովորելու կարողություն, սակայն արագ փոփոխվող աշխարհում կա ճանաչողական հմտությունների մի խումբ, որը կարող է է՛լ ավելի կարևոր լինել։ Այն ներառում է վերաիմաստավորելու և սովորածը մոռանալու կարողությունները: Մեր առօրյա կյանքում մեզանից շատերը գերադասում են հարմարավետ համոզմունքները, քան անհարմարություն պատճառող կասկածները: Մենք լսում ենք այնպիսի կարծիքներ, որոնք օգնում են մեզ լավ զգալ, ոչ թե՝ լավ մտածել: Անհամաձայնությունը մենք ընկալում ենք իբրև սպառնալիք մեր եսի համար, ոչ թե սովորելու հնարավորություն: Մենք մեզ շրջապատում ենք մարդկանցով, ովքեր համաձայն են մեր կարծիքների հետ, այնինչ պիտի ձգտեինք դեպի նրանց, ովքեր մարտահրավեր են նետում մեր մտածողությանը:
Կազմակերպչական հոգեբան Ադամ Գրանտը փորձագետ է այլոց և մեր սեփական մտածողությունն ընդլայնելու հարցում: Իր համարձակ գաղափարներով և համոզիչ փաստարկներով նա բացահայտում է, թե ինչպես կարող ենք ուրախությամբ ընդունել մեր սխալ լինելը, նոր երանգ հաղորդել լարված խոսակցություններին և ստեղծել ողջ կյանքի ընթացքում սովորելու ձգտում տվող դպրոցներ, աշխատատեղեր և համայնքներ:
«Մտածիր կրկին» գիրքը ցույց է տալիս, որ մենք չպիտի հավատանք այն ամենին, ինչ մտածում ենք կամ ներքուստ հարմարվենք մեր զգացումներին: Այս գիրքն առաջարկում է հրաժարվել այն տեսակետներից, որոնք այլևս լավ չեն ծառայում մեզ և կույր հետևողականության փոխարեն՝ առաջնորդվել մտավոր ճկունությամբ:
Գիրքը հասանելի է՝ անգլերեն, ռուսերեն։
Ադամ Գրանտը կարծում է, որ լայնախոհությունն ուսուցանվող հմտություն է: Եվ ոչ ոք չէր կարող այդ արժեքավոր հմտությունն ավելի լավ սովորեցնել, քան հենց ինքն է անում այս հրաշալի աշխատության մեջ: Գրանտի գրքում ամփոփված զարմանալի գաղափարները միանշանակ կստիպեն վերանայել ձեր կարծիքները և ձեր ամենից կարևոր որոշումները:
Դանիել Քանեման, «Մտածողություն. արագն ու դանդաղը» գրքի հեղինակը
Հեղինակի մասին
Ադամ Գրանտը կազմակերպչական հոգեբան է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոն դպրոցում: Նա TED կայքի ամենից հայտնի բանախոսներից մեկն է։ Նրա գրքերը վաճառվել են միլիոնավոր օրինակներով, նրա ելույթները դիտվել են ավելի քան 25 միլիոն անգամ: Նա ներառվել է Fortune ամսագրի «Մինչև 40 տարեկան 40 անձիք» ցուցակում և գիտական նվաճումների համար մրցանակներ ստացել Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի և Ազգային գիտական հիմնադրամի կողմից:
Հուզական ճկունություն, Սյուզան Դեվիդ

Անձնական և մասնագիտական հաջողության հասնելու ճանապարհն հազվադեպ է հարթ լինում: Հարցրեք այդ մասին որևէ մեկին, ով հասել է իր ամենամեծ նպատակներին կամ ում հարաբերությունները բարգավաճում են, և կլսեք ճանապարհին հանդիպող բազմաթիվ անսպասելի խոչընդոտների մասին պատմություններ: Ինչո՞վ են տարբերբերվում այն մարդիկ, ովքեր հաղթահարում են նման խոչընդոտներն, այն մարդկանցից, ովքեր չկարողանալով դիմակայել՝ հանձնվում են: Պատասխանը ճկունությունն է՝ հուզական ճկունությունը:
Հուզական ճկունությունը հեղափոխական, գիտության վրա հիմնված մոտեցում է, որը թույլ է տալիս ինքնընդունմամբ, հստակատեսությամբ և լայնախոհությամբ կողմնորոշվել կյանքի շրջադարձերում: Հայտնի հոգեբան Սյուզան Դեվիդն այս հայեցակարգը զարգացրել է հույզերի, երջանկության և ձեռքբերումների շուրջ ավելի քան քսան տարվա ընթացքում կատարած ուսումնասիրությունից հետո: Նա բացահայտել է, որ անկախ մեր խելացի կամ ստեղծագործական լինելուց, անկախ մեր բնավորությունից՝ կյանքում հաջողության հասնելու մեր հավանականությունը կանխորոշում են մեր մտածողությունը, զգացմունքները և ինքնախոսությունը։
«Հուզական ճկունություն» գիրքը ծառայում է իբրև վարքագծային փոփոխությունների ճանապարհային քարտեզ։ Այն առաջարկում է գործելու նոր եղանակաձև, որը կօգնի հասնել մեր ներուժին առավելագույն իրացմանը՝ անկախ նրանից, թե ով ենք մենք և ինչ հանգամանքներում ենք գտնվում։
Գիրքը հասանելի է՝ անգլերեն, ռուսերեն։
Հույզը զգալը մի բան է, իսկ այն վերահսկելը՝ մեկ ուրիշ։ Սյուզան Դեվիդն ընդունում է տխրության, զայրույթի, մեղավորության զգացման և վախի օգուտները, ապա ցույց է տալիս, թե ինչպես պետք է այնպես անել, որպեսզի այդ հույզերը չվերահսկեն մեր կյանքը: Սա ինքնօգնության գիրք է, որն իսկապես կարող է օգնել:
Ադամ Գրանտ, «Մտածիր կրկին» գրքի հեղինակը
Հեղինակի մասին
Սյուզան Դեվիդը Հարվարդի բժշկական դպրոցի ֆակուլտետի հոգեբան է, Մաքլին հոսպիտալի Քոուչինգի ինստիտուտի համահիմնադիրը և «Evidence Based Psychology» բիզնես խորհրդատվություններ առաջարկող ընկերության գլխավոր տնօրենը։ Դեվիդն աշխատել է հարյուրավոր խոշոր կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ:
Հուզական ինտելեկտ, Դենիել Գոուլման

Հայտնի է, որ բարձր IQ-ն հաջողության, երջանկության կամ առաքինության երաշխիք չէ, սակայն «Հուզական ինտելեկտի» հրապարակումից առաջ մենք միայն կարող էինք կռահել, թե ինչու: Դենիել Գոուլմանի՝ հոգեբանության և նեյրոգիտության տեսանկյունից կատարված այս փայլուն ուսումնասիրությունը նոր պատկերացում է տալիս մեր երկու՝ ռացիոնալ և հուզական բանականությունների մասին, և բացահայտում, թե ինչպես են դրանք ձևավորում մեր ճակատագիրը։
Գիրքը հասանելի է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։
Տպավորիչ է՝ իր մասշտաբով և խորությամբ, ցնցող՝ իր ազդեցությամբ։ Հուզական ինտելեկտը տալիս է ընտանիքի և հասարակության խնդիրներին նայելու նոր տեսանկյուն:
Ջոն Կաբատտ-Զինն, մեդիտացիայի թեմայով գրքերի հեղինակ
Հեղինակի մասին
Դենիել Գոուլմանն ամերիկացի հոգեբան և գրող է, գիտությունների դոկտորի կոչում է ստացել Հարվարդի համալսարանից, 12 տարի շարունակ հեղինակել է ուղեղի և վարքի մասին հոդվածներ New York Times պարբերականի համար։ Երկու անգամ առաջադրվել է Պուլիտցերյան մրցանակի։ Պարգևատրվել է Ամերիկյան Հոգեբանական Ասոցացիայի «Կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար» մրցանակով։