ՄԵՆՅՈւ

Սթրեսը և տագնապը երբեմն դժվար է լինում տարբերել իրարից։ Դրանք երկուսն էլ հուզական արձագանքներ են, սակայն սթրեսը, որպես կանոն, առաջանում է որևէ արտաքին գրգռիչի ազդեցության տակ։ Այդ գրգռիչը կարող է լինել ինչպես ժամանակավոր (աշխատանքային վերջնաժամկետներ, վիճաբանություններ), այնպես էլ տևական (խտրականություն, անաշխատունակություն, քրոնիկական հիվանդություններ)։ Սթրեսի վիճակում գտնվող անձիք այնպիսի մտավոր և ֆիզիկական հայտանիշներ են ունենում, ինչպիսիք են դյուրագրգիռությունը, զայրույթը, հոգնածությունը, մկանային ցավերը, մարսողական խնդիրները, անքնությունը և այլն։

Սթրեսի մասին մեր բոլոր հրապարակումներին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։

Ի տաբերություն սթրեսի, տագնապն արտահայտվում է մշտական, չափից դուրս արտահայտված անհանգստությամբ, որը չի անհետանում անգամ երբ գրգռիչ գործոնը բացակայում է։ Տագնապն հանգեցնում է գրեթե նույն զգացողություններին, ինչ սթրեսը՝ անքնություն, կենտրոնացման հետ կապված դժվարություններ, հոգնածություն, մկանային լարվածություն, դյուրագրգիռություն։

Թեթև սթրեսը կամ թեթև տագնապը հաջողությամբ հաղթահարվում են անհատի ներքին ռեսուրսների հաշվին։ Ֆիզիկական ակտիվությունը, սննդարար և բազմազան սնունդը, լավ քունը նույնպես կարող են էական ազդեցություն ունենալ այդ հարցում։

Տագնապի հաղթահարումը

Սակայն երբ սթրեսը կամ տագնապը չեն հաղթահարվում անձի ներքին ռեսուրսների և կենսակերպի փոփոխությունների հաշվին, ինչպես նաև սկսում են բացասական ներգործություն ունենալ առօրյա գործունեության կամ տրամադրության վրա, լավագույն լուծումը մտավոր առողջության մասնագետին դիմելն է։ Նման դեպքերում մասնագետն օգնում է հստակեցնել, թե կոնկրետ ինչ ապրումներ է ունենում անձը և առաջարկում է դրանք նվազեցնելու լրացուցիչ եղանակներ։ Օրինակ՝ մասնագետը կարող է ստուգել՝ արդյոք անձի մոտ առկա է տագնապային որևէ խանգարում։ Տագնապային խանգարումները տագնապի կարճատև դրսևորումներից տարբերվում են ոչ միայն տևողությամբ, այլ նաև ուժգնությամբ։ Նման դեպքերում տագնապայնթույունը կարող է պահպանվել ամիսներ շարունակ՝ բացասական ներգործություն ունենալով տրամադրության և բնականոն կենսագործունեության վրա։ Տագնապային խանգարումներից ագարոֆոբիան, օրինակ, արտահայտվում է բաց, անծանոթ տարածքների հանդեպ վախով։ Այն կարող է խանգարել անձին լիարժեք կյանքով ապրել և ունենալ մշտական, կայուն աշխատանք։

Ամենատարածված տագնապային խանգարումներից մեկն էլ ընդհանուր տագնապային խանգարումն է։ Հաճախորդի մոտ այն հայտնաբերելու համար մտավոր առողջության մասնագետն անցկացնում է հետազոտություն՝ մասնավորապես կենտրոնանալով անձի մոտ վերջին վեց ամիսների ընթացքում գրեթե ամեն օր առկա անհանգստության սաստիկ դրսևորումների շուրջ։ Անհանգստության առարկան այս դեպքում կարող է ամեն անգամ տարբեր լինել։

Տագնապային խանգարման մեկ այլ տարատեսակ է խուճապային խանգարումը, որն արտահայտվում է տագնապի հանկարծակի գրոհներով, որոնց պատճառով սկսվում է ուժգին քրտնարտադրություն, գլխապտույտ և շնչահեղձության զգացում։ Տագնապը կարող է արտահայտվել նաև որոշակի վախերի տեսքով (օրինակ՝ վախ թռիչքներից)։ Տագնապային դրսևորումներից մեկն էլ սոցիալական տագնապայնությունն է, որն արտահայտվում է սոցիալական տարատեսակ փորձառությունների հետ կապված մշտական վախով։

Տագնապային խանգարումները բուժվում են հոգեթերապիայի, դեղամիջոցների կամ այդ երկուսի համադրության միջոցով։ Լայնորեն կիրառվող թերապևտիկ մոտեցումներից մեկը կոգնիտիվ վարքային թերապիան է, որը կենտրոնանում է տագնապի հիմքում ընկած՝ մտքի անօգտակար օրինաչափությունների ի հայտ բերման և փոփոխման շուրջ։ Հնարավոր մեկ այլ միջամտություն է էքսպոզիցիոն թերապիան, որի ընթացքում անձը բախվում է իր մոտ տագնապ առաջացնող գործոններին թերապևտիկ՝ ապահով և վերահսկվող միջավայրում՝ այդպիսով հաղթահարելով այդ գործոնների հետ առնչվելու հետ կապված վախերը։

Հավանեցի՞ք հոդվածը։ Տարածե՛ք այն։
Լավ ու Բարի
Լավ ու Բարի

Հոգեբանություն թեմայով ամենալավ ու բարի կայքը։

«1000 բարի» տեղեկաթերթ

Լրացրեք Ձեր էլփոստի հասցեն և ամսական մեկ անգամ ստացեք մեր հռչակավոր «1000 բարի» տեղեկաթերթը։