«Լավ ու Բարի» կայքն իր «Ուսանող» և «Մասնագետ» փաթեթներից օգտվող հաճախորդներին առաջարկում է գիտական հարցումներ իրականացնելու բազմաֆունկցիոնալ և ավտոմատացված գործիքակազմ։ Հարցումների մեր համակարգն հնարավորություն է տալիս ստեղծել ցանկացած բարդության հարցաշարեր և կատարել արդյունքների ավտոմատ հաշվարկ։
Ավելին՝ հարցաշարերի ստեղծման համար ձեզ պետք չեն տեխնիկական հմտություններ։ Ողջ աշխատանքը ձեր փոխարեն կատարում են մեր մասնագետները։ Մենք կարող ենք օգնել ձեզ նաև թեմատիկ հարցաշարերի ընտրության հարցում։
Եկեք ծանոթանանք «Լավ ու Բարի» կայքում հարցումներ իրականացնելու համար անհրաժեշտ 5 պարզ քայլերին։
Քայլ 1՝ Հարցաշարի ընտրություն
Դուք կարող եք տրամադրել ինչպես ձեզ հասանելի հայալեզու հարցաշար, այնպես էլ պատվիրել առավելագույնը 30 հարց պարունակող անգլիալեզու կամ ռուսալեզու հարցաշարի անվճար թարգմանություն։
Անվճար թարգմանությունը հասանելի է միայն վալիդացված՝ կլինիկական և գիտական միջավայրում կիրառվող հարցաշարերի համար։ Ե՛վ հարցաշարը, և՛ դրա հաշվարկման բանալին պիտի ունենան բաց հասանելիություն։ Մեր կողմից թարգմանված հարցաշարը մնում է «Լավ ու Բարի» կայքի տրամադրության տակ և հետազոտության ավարտից հետո չի հեռացվում կայքից։ Համացանցից, ամսագրերից կամ գրքերից վերցրած հարցաշարերի («հոգեբանական թեստերի») անվճար թարգմանություն չի կատարվում։
Ձեր կողմից տրամադրվող հարցաշարերը կարող են ունենալ ցանկացած ծագում, սակայն պարտադիր պիտի ներառեն արդյունքները հաշվելու բանալիները։ Ինքնուրույն կազմված հարցաշարերի օգտագործումը նույնպես թույլատվրում է։ Այդ դեպքում, սակայն, հարցումը չի տեղադրվի «Լավ ու Բարի» կայքում։ Ձեզ կտրամադրվի այլ՝ կայքի ինտերֆեյսը շրջանցող հղում։ Ինչպես այս հղումը։
Դուք կարող եք ընտրել նաև «Լավ ու Բարի» կայքի «Թեստեր» բաժնում արդեն իսկ հրապարակված հարցաշարերից մեկը։ Իսկ եթե չգիտեք, թե ինչ հարցաշար է պետք ընտրել, մեր մասնագետը կարող է օգնել նաև այդ հարցում՝ հնարավորության դեպքում գտնելով ձեզ անհրաժեշտ չափումն իրականացնող հարցաշարեր։
Քայլ 2՝ Հարցման էջի ստեղծում
Այս քայլում դուք ոչինչ չպիտի անեք։ «Լավ ու Բարի» կայքի մասնագետներն իրենք կտեղադրեն ձեր հարցաշարը կայքում և կուղարկեն ձեզ պատրաստի հարցաշարի հղումը։
Քայլ 3՝ Հարցման անցկացում
Եթե հետազոտության համար անհրաժեշտ են միայն հարցաշարերի ընդհանուր արդյունքները, ապա կարող եք տարածել հարցման հղումը սոցիալական ցանցերում։ Մեր ընթերցողները ևս կարող են, սեփական ցանկությամբ, մասնակցել նման հարցումների։
Որոշ դեպքերում, սակայն, հարցվողները չեն կարող լինել անանուն (օրինակ՝ պիտի կատարվի «առաջ և հետո» հետազոտություն կամ պիտի հաշվի առնվեն նաև միևնույն անձի տրամադրած այլ տվյալները)։
Նման դեպքում դուք ինքնուրույն պիտի կազմեք հարցվողների ցուցակը՝ յուրաքանչյուր հարցվողի տրամադրելով գաղտնանուն (օրինակ՝ AB123)։ Հարցաշարերը լրացնելիս՝ մասնակիցները պիտի նշեն նաև այդ գաղտնանունները․ դրանք կներառվեն հարցման ավարտին ձեզ ուղարկվող ֆայլի մեջ։ Այդպիսով՝ միայն դուք կիմանաք, թե ովքեր են ձեր հարցման մասնակիցները։
«Ուսանող» և «Մասնագետ» փաթեթներից օգտվողներին հասանելի է տարեկան 2 հարցում։ Դա թույլ կտա իրականացնել ինչպես «առաջ և հետո», այնպես էլ երկու չափումների հարաբերակցությունն ի հայտ բերող հետազոտություններ։
Քայլ 4՝ Արդյուքների հաշվարկ
«Լավ ու Բարի» կայքում իրականացվող հարցումներն ունեն ավտոմատ հաշվարկման հնարավորություն։ Այն իրականացնելու համար պարտադիր է հարցաշարի բանալու առկայությունը։
Մեր հաշվարկման մեխանիզմը կարող է ճանաչել նաև շրջած (reverse) հարցերը և հաշվի առնել դրանք հաշվարկը կատարելիս։ Երբ հարցաթերթը չափում է մեկից ավելի գործոն, կհաշվարկվի նաև այդ գործոններից յուրաքանչյուրը (օրինակ՝ թիվ 2, 5, 9, 10 հարցերը չափում են Ա գործոնը, իսկ 1, 3, 4, 6, 7, 8 հարցերը՝ Բ գործոնը)։
Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ երկու տարբեր հարցում կատարելու դեպքում, դրանց տվյալների հարաբերակցության հաշվարկն իրականացնելու եք ինքնուրույն։ Մեր համակարգում հարցաշարերից մեկի ավտոմատ հաշվարկը կատարելիս՝ չեն կարող օգտագործվել մեկ այլ հարցաշարից ստացված տվյալները։
Քայլ 5՝ Տվյալների տրամադրում
Հարցման ավարտից հետո, դրա արդյունքները ձեզ են տրամադրվում CSV (Excel) ֆորմատով։
Այն դեպքում, եթե դուք չեք նախատեսում «առաջ և հետո» հարցում, ձեր կողմից կազմված հարցաթերթերը հարցման ավարտից հետո հեռացվում են կայքից։ «Առաջ և հետո» հարցումների դեպքում, հարցաթերթերն հեռացվում են երկրորդ հարցումից հետո։
«Լավ ու Բարի» կայքի կողմից թարգմանված հարցաշարերն հարցման ավարտից հետո կայքից չեն հեռացվում։ Ձեր թույլտվությամբ, կայքում կարող են թողնվել նաև ձեր տրամադրած վալիդ հարցաշարերը կամ նման հարցաշարերի չվալիդացված թարգմանությունները։
Հարցումներ անցկացնելու հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մեր «Ուսանող» կամ «Մասնագետ» փաթեթներից մեկը։ Լրացուցիչ հարցերի համար՝ կարող եք կապ հաստատել մեզ հետ էլփոստի միջոցով։